
Ալիևն ու Էրդողանը Սամարղանդում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու նախորդ շաբաթ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 10-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդգծվել է բոլոր ոլորտներում մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը, կարծիքներ են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ալիևի ու Էրդողանի հանդիպումը կայացել է Սամարղանդում, որտեղ նախօրեին մեկնարկել էր Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 31-ին Սոչիում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Բանակցություններից հետո կողմերը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ նրանք ձեռնպահ են մնալու ուժի կիրառումից և սադրիչ հռետորաբանությունից։
Սակայն այդ ամենը չխանգարեց, որ նոյեմբերի 8-ին Շուշիում Ալիևը դարձյալ սպառնա Հայաստանին՝ հայտարարելով, որ խաղաղություն կլինի, եթե Հայաստանը շարժվի իրենց թելադրած օրակարգով, ինչը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախից և Արցախի կարգավիճակից հրաժարում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, որը, ըստ ադրբեջանական կողմի, իրար կկապի Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել