HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Կառավարության 

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին: 

Կառավարության 14.07.2022թ. թիվ 1091-Ն որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել: Գործունեության նպատակը Հայաստանի ամբողջ տարածքում տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումն է:

Ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջեւ 2017թ. փետրվարի 15-ին հինգ տարի ժամկետով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով վերջինիս հանձնվել էր պետական որոշակի գույք՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության վերահսկողության իրականացման համար նախատեսված համակարգերը կառավարելու, շահագործելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով: Այսինքն, գրեթե նույն գործառույթներն ուներ, ինչ նորաստեղծ ՊՈԱԿ-ը:

ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2022թ. փետրվարի 15-ին, դրանից հետո կողմերից որևէ մեկը պայմանագիրը դադարեցնելու մասին գրավոր դիմում չի ներկայացրել մյուս կողմին: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն համարում է, որ նման պայմաններում պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններում: 

Ընկերության կարծիքով, «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու որոշմամբ խախտվում են նշված պայմանագրից բխող իր իրավունքները:

Վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով (նախագահող դատավոր՝ Կարեն Զարիկյան), մերժել է դիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, թե Կառավարության նշված որոշումը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: 

Դատարանը համարում է, որ Կառավարությունը, ընդունելով վիճարկվող որոշումը, հանդես է եկել ոչ թե որպես գործադիր իշխանության մարմին, որն իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարգավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ առաջացող իրավահարաբերությունները և նրանց համար վարքագծի կանոններ է սահմանում, այլ՝ որպես պետական կազմակերպության հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) ներկայացուցիչ, որն իր ներքին իրավական ակտով ստեղծում է պետական կազմակերպություն: 

«Վիճարկվող որոշումն ուղղված չէ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այն պետական կառավարման համակարգը սպասարկելու նպատակով ստեղծում է պետական կազմակերպություն: Այս ակտի միակ հասցեատերը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, այն չի առնչվում հայցվորի իրավունքներին»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Դատարանը նաև նշել է՝ եթե «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կարծում է, որ Կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունները, անկախ դրանց վիճակից և բովանդակությունից, առնչություն չունեն վիճարկվող որոշման հետ և չեն դարձնում այն ՍՊԸ-ի իրավունքներին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն վարչական դատարանի՝ դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան: Այն դեռ որոշում չի կայացրել:

Նշենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter