HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքական զինուժը Իրաքում և Սիրիայում հարվածներ է հասցրել քրդական դիրքերին

Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 20-ի գիշերը Իրաքի ու Սիրիայի հյուսիսում հարձակում են գործել քրդերի դիրքերի ուղղությամբ։ Deutsche Welle-ն, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ գործողությունն ուղղված է եղել Քրդական աշխատավորական կուսակցության և նրա ռազմական թևի՝ YPG-ի դեմ։ 

Թուրքական կառավարությունը երկու ուժերին մեղադրում է Ստամբուլի վերջին ահաբեկչական հարձակման իրականացման մեջ, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել ևս 31-ը։

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ուղղությամբ օդից հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Միայն Սիրիայի հյուսիսում կա առնվազն 12 զոհ։

Թուրքական CNN Türk հեռուստաընկերությունը հայտնել է, որ հարձակման թիրախում եղել է նաև Քոբանին, որը մինչ օրս գտնվում է քրդական ուժերի վերահսկողության ներքո։ Թուրքիայի ՊՆ-ն նշել է, որ «լուծվում է հարձակման վրեժը և եկել է հատուցման ժամանակը»։ «Գործողությունն իրականացվել է ինքնապաշտպանության իրավունքներին համապատասխան, որոնք երաշխավորված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով՝ Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկչական հարձակումների վերացման, սահմանների անվտանգության ապահովման և ահաբեկչության աղբյուրների ոչնչացման նպատակներով»,- ասված է թուրքական նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ստամբուլի Իսթիքլյալ զբոսաշրջային փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ։ Ավելի ուշ փողոցն ամբողջությամբ փակվել էր երկրորդ պայթյունի ռիսկի պատճառով։ Փակվել էր նաև մոտակայքում գտնվող Թաքսիմ հրապարակը։ Քաղաքի դատախազությունը պայթյունը որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ 

Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ ձերբակալել է պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող կինը։ Ըստ թուրքական կողմի՝ նա Սիրիայի քաղաքացի է։ Գերատեսչության տվյալներով՝ կինը կապ է ունեցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

Լուսանկարը՝ AFP/File photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter