HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Տող գյուղի մելիքական ժառանգությունը․ հայկական պատմական արժեքները Ադրբեջանի օկուպացրած տարածքում

Արցախի Տող գյուղն ունի բացառիկ պատմամշակութային նշանակություն։ Այն եղել է Արցախի մելիքական նստավայր:

2020թ․-ի հոկտեմբերի 21-ից Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողություն տակ։

Քաղաքագետ, ճարտարապետության պատմագետ Մանվել Սարգսյանը եղել է Տողի մելիքական-իշխանական ժառանգության ուսումնասիրողներից մեկը։

Այժմ Մանվել Սարգսյանի արխիվը նաև քաղաքական նշանակություն ունի, քանի որ պատերազմից և Տողի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո Բաքվի իշխանությունները փորձում են վիճարկել տեղի հայկական բնակչության բնիկությունը։

Իլհամ Ալիևն անձամբ է փորձում կեղծել պատմությունը, Տողի հայկական եկեղեցին ներկայացնում է որպես «ալբանական» և այլն։ Սարգսյանի վկայությունները ցույց են տալիս, որ հայերն այդ գյուղի տարածքում «մի քանի մշակութային շերտ ունեն»։

Տողի պատմամշակութային նշանակության մասին պատմում է մելիքական ժառանգությունն ուսումնասիրող Մանվել Սարգսյանը

Այդ տարածքում հայկական բնակավայրեր եղել են տարբեր ժամանակաշրջաններում: Բայց հենց քաղաքական իմաստով շատ կարևոր է «վերին շերտը», որ վկայում է այդ տարածքում հայերի պետական կառույցների գոյության մասին։

Ի՞նչ նշանակություն ուներ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղը պատմամշակութային առումով։

Իհարկե հիմնական նշանակությունը Տողը ձեռք բերեց, երբ այստեց հիմնվեց մելիքություն, Դիզակի մելիքների կենտրոնն էր Տողը։ Եվ եթե ավելի կոնկրետ ասենք, Դիզակի առաջին մելիք Ավանը (Եգան) Պարսից Նադիր շահից ամբողջ Արցախի վրա «բեկլարբեկի» կարգավիճակ ստացավ 1736 թ․-ին։

Բարդ պրոցեսներ էին ընթանում այդ ժամանակ Պարսկաստանում, և Նադիր շահը դաշնակից էր Դիզակի մելիքի հետ։ Մելիք Ավանը իր օգնությունն էր ցուցաբերել շահին, ինչի մասին կա նաև  քարի վրա արված արձանագրություն՝ 1737 թ․-ին մելիքական ապարանքի շքամուտքին։

Ինչո՞վ է կարևոր այդ արձանագրությունը։

Այն կարևոր է երեք առումով։ Նախ այնտեղ նշվում են վեց մելիքությունները և ոչ թե հինգը, որը ընդունված է համարել։ Այնտեղ նշվում է նաև Քոչիզ մելիքությունը։ 6 մելիքություններն են՝ Դիզակը, Վարանդան, Խաչենը, Ջրաբերդը, Թալիշը, Քոչիզը։

Երկրորդ՝ նշված մելիքությունները համընկնում են [Արցախյան] առաջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հռչակած տարածքների հետ։

Երրորդ՝ մելիք Ավանն իր երկիրը Հայաստան է կոչում․ «Ես չթողեցի, որ Հայաստանս գերվի»։

Այս տեսակետից քաղաքական մեծ նշանակություն ունի այս արձանագրությունը։ Քարի վրա գրվածը կարևոր է։

Քարտեզում՝ դեղինով նշված են Հայաստանի, Արցախի շփման գծի սահմանները՝ մինչև 2020 թվականի պատերազմը։ Նարնջագույնով նշված է Արցախի մելիքությունների տարածքը։

Մելիք Եգանի արձանագրության տեքստը՝ բեկլարբեկի կարգավիճակ ստանալու առիթով․

«ՌՃՁԶ (1737թ.):

Այս ընդունարանը հիշատակ է: Այսպես է, որ ես Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք-Եգան, նախապես ժողովուրդը հավաքվեց և ինձ քյոխվա [տանուտեր] կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց:

Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա:

Արաղից [Կենտրոնական Իրան - խմբ․] շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա, ինձ որպես խան և բեկլարբեկ կարգեց. շնորհ արեց:

Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»։

Ի՞նչ կարգավիճակ ուներ Տողը մելիքությունների ժամանակաշրջանում և ի՞նչ ճակատագիր ունեցավ հետագայում։

Տողը մինչև 1752 թ․-ը եղել է Դիզակի մելիքության կենտրոն։ Դրանից հետո մելիքությունը աստիճանաբար սկսվեց քայքայվել։ Ժառանգաբար մելիքի կարգավիճակ ստացած Բախտամը` մելիք Եգանի եղբայրը, ձերբակալվեց եւ շատ տարիներ անցկացրեց պարսից բանտում: Ազատվելուց հետո սպանվեց Շուշիի Իբրահիմ խանի կողմից 1781 թվականին: Սպանվեց նաեւ հաջորդ մելիքը` Աբասը: Մելիքների ընտանիքների անդամները բռնի կերպով կամ էլ խաբեությամբ իսլամացվեցին: Մելիքական տոհմի հալածանքը շարունակվեց ընդհուպ մինչեւ 1828 թվականին կովկասյան գավառների միավորումը Ռուսական կայսրությանը: Մելիք Արամի որդի Բաղդատը իր զավակներով բռնի իսլամացվեց: Իսլամի ընդունումը հարկադրվեց նաեւ մելիքական տոհմի մյուս ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ` տոհմի ներկայացուցիչներից իսլամն առաջինը ընդունած Ասլանին (մելիք Բաղդատի որդուն) որպես բեկ Տող ուղարկեց ռուսաստանյան վարչակազմը 1828 թվականին: Հավանաբար` այդ պահից իշխանությունը Տողում անցել էր մելիք Եգանի տոհմի իսլամական ճյուղին: Մելիքական ապարանքը երկու մասի էր բաժանվել, եւ հետագա զարգացում էր ստացել միայն այն մասը, որտեղ հաստատվել էին բեկերը: Հայկական թեւը կորցրեց իշխանությունն ու ազդեցությունը:

Ռուսական կայսրության կազմում Տողը մաս է կազմել Կասպյան մարզի, 1846-ից՝ կայսրության Շամախի նահանգի (1859-ից անվանափոխված որպես Բաքվի նահանգ) Շուշի գավառի, 1868-ից՝ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի նույն Շուշի գավառի կազմում։

Ռուսական կայսրության տիրապետության տարիներին տարբեր գյուղերում բեկեր կային, և այդ բեկերը ընտրվում էին Դիզակի մելիքների շառավիղներից, բայց՝ իսլամացածներից։ 

ԽՍՀՄ շրջանում՝ Արցախը տալով նորաստեղծ մուսուլմանական Ադրբեջան պետությանը՝ վերահսկողության մեխանիզմներ էր ստեղծում հայերի ու մուսուլմանների վրա: 

1926-ից Տողը ԼՂԻՄ-ի Դիզակի (1939-ից՝ Հադրութի) շրջանում էր ընդգրկված։ Խորհրդային կարգերի ժամանակ շարունակվում է Տողը հայաթափելու քաղաքականությունը։ 

1991 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի կամավորական ջոկատները Տողն ազատագրել են այնտեղ տեղակայված ադրբեջանցի ՕՄՕՆ-ականներից: 

Արցախի անկախացումից հետո ի՞նչ աշխատանքներ են տարվել՝ Տողի պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ։

Տողի մելիքանիստ ապարանքը մասամբ վերականգնվել էր։ Վերականգնվել էր սբ․ Հովհաննես եկեղեցին։

Առաջին շինությունը 15-րդ դարի է։ Պեղումների նպատակը այդ 500 տարվա ճարտարապետության զարգացման պատմությունը ցույց տալն էր։ Մեծ աշխատանք տարվեց, և այդ տարածքը վերաիմաստավորվեց։

Արցախում Տող գյուղը տուրիստական առանձին ուղղություն էր։ Տողում անցկացվում էր գինու ամենամյա փառատոն։ 

Երկու տարի պեղումներ ենք այնտեղ արել, բացվել էին բավականին մեծ շերտեր։ 19-րդ դարի տները հնարավոր էր ռեստավրացիա անել, որոհետև հին բերդի տեռասները պահպանվել էին։ Շատ պատեր պահպանվել էին՝ խոշոր քարերից տաշված։

Պահպանվել են մելիքական շերտը, մինչ 15-րդ դարի շերտը։ Ձուլարան կար այնտեղ, հնձանների հետքեր կային, ջրի ամբարներ։ Շատ դժվար էր անգամ ընտրել՝ որ շերտը պահել, որը՝ ոչ։ Գլխատունը՝ լրիվ կանգուն, պատերը, բուխարին, մուտքն ամբողջությամբ պահպանվել են։

Մեծ գործ է արվել։ Ընդունարանը ունենք՝ լրիվ վերականգնված, գլխատան քարի մասը, սբ․ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված սրբատաշ քարերով։

2020թ․-ի պատերազմի ընթացքում Հադրութի շրջանը, Տող գյուղն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ի՞նչ ճակատագրի են արժանացել Տողի պատմամշակութային կոթողները։

Այո, ցավոք, հիմա Տողը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և իրենց կողմից մելիքանիստ Տողի պատմությունը խեղաթյուրելու միտում կա։ Հայկական վանքերը և հուշարձաններն ալբանական են ներկայացվում, հուշարձանների ոչնչացման պետական քաղաքականություն է նկատվում։ Իսկ Տողը թանգարան է արձանագրությունների։ Մեծ կորուստ կլինի մեր մշակույթի համար, եթե կորցնենք Տողի արձանագրությունները։

Բաքվի կեղծարարությունը

2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտին, այլ բնակավայրերի շարքում Տող է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ և դստեր հետ։

Այնտեղ Բաքվի ղեկավարը Տող գյուղը ներկայացնում է որպես «հինավուրց ադրբեջանական գյուղ»։ Իսկ հենց գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, չկարողանալով ներկայացնել որպես «հինավուրց ադրբեջանական», ներկայացնում է որպես «ալբանական»։

Հեղինակներ՝ Հայկ Մակիյան, Գարիկ Հարությունյան, Լիաննա Պետրոսյան

Տեսանյութի հեղինակ՝ Սարո Բաղդասարյան

Տողի պեղումների լուսանկարները՝ հնագետ Գագիկ Սարգսյանի արխիվից

Գլխավոր լուսանկարը՝ Տաթև Խաչատրյանի

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter