Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Ազատության պողոտայի վրա գտնվող ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասը ջարդել են: Այս մասին կենտրոնի պահակային ծառայության պետը ահազանգել է տնօրինությանը: Կես ժամ անց նրանք տեղում են եղել: Կենտրոնի աշխատակիցներից ստիպված են եղել գիշերել բակում, որպեսզի թույլ չտան շինաշխատանքների իրականացում իրենց տարածքում:
«Հետքն» արդեն անդրադարձել է այս թեմային: Երեւանի քաղաքապետարանն այս տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի տարածքից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք: Այնինչ գիտնականները նման համաձայնություն տված չեն եղել եւ հիմա վարչական դատարանում վիճարկում են քաղաքապետարանի որոշումը:
2007-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանն ու դրան կից պատմական ջրանցքի մի մասն անօրինական ճանապարհով քաղաքային եւ Քանաթեռ-Զեյթունի թաղային իշխանություններն օտարել են մասնավոր անձի: Մասնավորեցված հողակտորը տարիներ անց հայտնվել է «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ձեռքում: Եվ փոխանակ Երեւանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեր ժամանակին թույլ տված խախտումը վերացնելու եւ արդարությունը վերականգնելու համար, աչք է փակել ապօրինությունների վրա ու հիմա նաեւ թույլատրել է նշված կառուցապատողին ջրանցքը տեղափոխել կառուցվող շենքից մի փոքր հեռու՝ գիտնականների տարածք:
Կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենք քաղաքապետարանի թեժ գիծ են զանգահարել, այնտեղից հայտնել են, որ տեղյակ են, բայց մինչեւ մեր զրույցը քաղաքապետարանն այդպես էլ չէր արձագանքել:
Փոխարենը կառուցապատողն է ոստիկանների հետ առավոտյան այցելել գիտական կենտրոնի տարածք: Ռոբերտ Հակոբյանի փոխանցմամբ՝ եկել, ցույց են տվել, որ իրենք շինթույլտվություն ունեն: «Բայց եթե դա մեր տեսած շինթույլտվությունն է, ապա դա Ազատության պողոտայի 26/1 հասցեում ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր է, իսկ մեր հասցեն Ազատության պողոտայի 26-ն է, որի մասին ոչ մի բան նշված չէ այդտեղ: Իրենք շահարկում են էդ ամեն ինչը եւ փորձում են իրենց սեւ գործն առաջ տանել լկտիությամբ եւ պարզապես ֆիզիկական ուժ կիրառելով»,- ասում է կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալը:
Նրա խոսքով՝ միայն ոստիկանությունն է եկել, որը փորձում է արդարացնել կառուցապատողի գործունեությունը, սակայն իրավապահներին ասել են, որ գնան ու խոսեն կենտրոնի իրավաբանի հետ:
«Լարված իրավիճակ է, չգիտենք՝ ինչ է լինելու: Անհամատեղելիություն կա թե՛ շինարարության, թե՛ մեր շենքերի հետ»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:
Կենտրոնի աշխատակիցները որոշել են, որ իրենց ձեռքով փորձելու են տեղը դնել ջարդած դարպասը, որովհետեւ այսպես բարձիթողի չի կարող մնալ՝ հաշվի առնելով, որ քիմիական իստիտուտը թանկարժեք սարքավորումներ ու քիմիական վտանգավոր նյութեր ունի:
Լուսանկարները՝ Արփինե Հարությունյանի
Մեկնաբանել