Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է ջրանցքը տեղափոխել քիմիկոսների «քթի տակ»․ վերջիններս դատի են տվել քաղաքապետարանին
Ուրարտական ժամանակներում կառուցված երեւանյան «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքով։ Քանաքեռի հէկից մինչեւ Էրեբունի՝ Վարդավառի լիճ ձգվող ջրանցքն ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Սակայն 2021 թ․ հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է, որ ջրանցքի՝ Ազատության պողոտայից մինչեւ Ուլնեցու փողոց ձգվող հատվածը, որտեղ գտնվում է նաեւ նշված գիտական կառույցը, վերակառուցումների հետեւանքով կորցրել է պատմամշակութային արժեքը եւ պետության կողմից պահպանության ենթակա չէ (այսինքն՝ պատմական ջրանցքը հուշարձանի կարգավիճակը պահպանել է մասամբ)։ Սա այն հատվածն է, որը համեղ գաթայի պես գրավում է տարբեր փողատերերի, որոնք էլ պետության միջամտությամբ մասեր են պոկում այդ գաթայից։
2017-ին «Հետքը» գրել էր, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի 10 հեկտարից 3 հա-ն տրվել է այլ անձանց, այդ թվում՝ կառուցապատման նպատակով։ 2019-ին էլ գրել էինք, որ կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի հողկատորն օտարվել է մասնավոր անձի դեռ 2007-ին, իսկ ներկա սեփականատերը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է։ Այս ընկերությունը նախատեսում է ջրավազանի տեղում բարձրահարկ կառուցել։
Եվ ահա պետական հուշարձանի պահպանության ու տարբեր կառուցապատողների շահերի բախման կիզակետում կառավարությունը, փաստորեն, պաշտպանում է մասնավորի շահերը՝ հարցը «լուծելով» հուշարձանի կարգավիճակն աղճատելու եղանակով։
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ներառում է 3 գիտական հիմնարկ՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը եւ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը։
Կենտրոնի տարածք մտնողը կնկատի էկոհամակարգը, որը դեռ խորհրդային տարիներից է եղել՝ հաշվի առնելով քիմիական ինստիտուտների առանձնահատկությունները։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանն ասում է, որ այդ էկոհամակարգի մաս էր նաեւ ջրավազանը, որն ամբողջությամբ մտնում էր գիտական կենտրոնի համալիրի մեջ։ Քիմիական ինստիտուտները գիտարտադրական հատված ունեն, որոնց արտանետումների բացասական ազդեցության կանխման համար էլ կառուցվել է ջրավազանն, ու տարածքը շրջապատվել է ծառերով։
Գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանն էլ պատմում է, որ ջրավազանը ժամանակին տիղմի նստեցման ավազան էր ծառայում «Աբուհայաթ» ջրանցքի համար։ «Ջրավազանի կողքին կա ջրանցք, այն լցվում էր այդ ջրանցքից։ Այս ջրավազանը ջրանցքի համար, ռուսերեն ասած, օտստոյնիկ էր (պարզարան - հեղ․), որտեղ կուտակվում էր Սեւանից եկած տիղմը, որ քաղաք չիջներ (Քանաքեռի հէկը, որտեղից սկսվում է ջրանցքը, գտնվում է Սեւանից դուրս եկող Հրազդան գետի վրա - հեղ․)։ Տարվա մեջ երկու անգամ պարզապես պետք է դատարկվեր ջուրը, ջրավազանը մաքրվեր։ 1990-ականներին չէին կարողացել ֆինանսապես լուծել այդ հարցերը, դրա համար տրամադրել էին քաղաքապետարանին։ Քաղաքապետարանն էլ տվել էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանին, որն էլ օտարել էր։ Օտարել են մի ջրավազան եւ ջրանցք, ընդ որում՝ ջրանցքը ոչ մի դեպքում չէր կարելի օտարել, որովհետեւ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների տակ էր»,- ասում է փոխտնօրեն Հակոբյանը։
Մեջբերելով ՀՀ գլխավոր դատախազի այն ժամանակվա խորհրդական Գոռ Աբրահամյանի 2019 թ․ հայտարարությունը, Ռոբերտ Հակոբյանն ասում է, որ 2016-ին քրեական գործ էր հարուցվել 2007-ին ջրավազանի հողակտորն ու ջրանցքի մի մասը օտարելու դեպքի վերաբերյալ, քանի որ այն ենթակա չէր վաճառքի։ Աբրահամյանը, մասնավորապես, հայտարարել եր հետեւյալը․ «Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնեական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է»:
Սակայն հետագայում քրգործը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով։ Այդուհանդերձ, դատախազությունը համայնքին պատկանող եւ ապօրինի օտարված գույքը վերադարձնելու ուղղություն է ցույց տվել քաղաքապետարանին։ «Քանի որ Երեւան քաղաքի համայնքն է հանդիսանում թաղային համայնքների իրավահաջորդը եւ տվյալ դեպքում «տուժողը», Երեւան քաղաքի դատախազությունը 30.05.2019 թ. գրությամբ Երեւանի քաղաքապետին առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ»,- 2019-ին հայտարարել է Գոռ Աբրահամյանը:
Ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանը ժամանակին իր ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնյաների գործողությունների միջոցով օտարված հողը վերադարձնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, եւ ամեն ինչ հասել է նրան, որ 2021-ին կառավարությունը «Աբուհայաթ» ջրանցքի մի մասը հանուն կառուցապատողի ճանաչել է ոչ պատմամշակութային, պետության կողմից չպահպանվող։
Այս տարվա հոկտեմբերի վերջին կառուցապատող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն այցելել են գիտատեխնոլոգիական կենտրոն։ «5 հոգով եկել էին։ Դավիթ Աթանեսյանը, որը միշտ ներկայանում էր որպես իրենց իրավաբան, այդ օրը ներկայացավ որպես փայատեր։ Մոտավորապես այսպես ասաց՝ եկել եմ, պիտի ջրանցքը տեղափոխեմ, ոչ մեկ ինձ չի կարող խանգարել, բոլոր թույլտվություններն ունեմ, դուք դեռ իմ հնարավորությունները չգիտեք։ Ասեցինք՝ թույլտվությունները ցույց տվեք, ասեց՝ եթե ուզում եք, գնացեք վերցրեք, մինչեւ վերցնեք, հայ-հույ, բողոքարկեք, մենք մեր գործերը կպրծնենք»,- ասում է Ռոբերտ Հակոբյանը։
Այնուհետ գիտական կենտրոնը նամակներ է ուղարկել 7 գերատեսչական մարմնի, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմին՝ դիմում եւ կից փաստաթղթեր։ Սակայն միակ նորմալ պատասխանը, ըստ փոխտնօրեն Հակոբյանի, ստացել են ԿԳՄՍՆ-ից, որտեղից ասել են, թե իրենք դեմ են ցանկացած գործողության, միեւնույն ժամանակ հայտնել են, որ քաղաքապետարանն է որոշում՝ շինարարություն լինի, թե ոչ։ Բայց պետք է նշել, որ նույն ԿԳՄՍՆ-ն, որը պատմամշակութային հուշարձանների պահպանության գլխավոր պատասխանատուն է, «Աբուհայաթ» ջրանցքի այս հատվածի կարգավիճակը փոխելիս ժամանակին չի դիմադրել, այլապես այս իրավիճակը չէր լինի այսօր։
«Քաղաքապետարանի՝ ջրանցքի տեղափոխման որոշումը կոչվում է «Ջրամատակարարման համակարգի արդիականացում», պարզապես սուտ է, ուղղակի խոչընդոտների վերացում է, եթե ջրանցքը չտեղափոխեն, շենք կառուցել չեն կարող, որովհետեւ ջրանցքի ներկայությունը նորմերի խախտում է։ Բացի դրանից՝ ջրային կոմիտեն եւ քաղաքապետարանը չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները, որ իրենց ջրանցքը ինչ-որ մեկը կարողացել է որպես տարածք շահագործի, դեռ ջրանցքն էլ ուզում են տեղափոխել»,- մեկնաբանում է փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։ Ըստ նրա՝ ներկայում ընթանում են ջրանցքի մի հատվածի տեղափոխման աշխատանքներ, որպեսզի հետո հնարավոր լինի ջրավազանի տեղում շենք կառուցել գործող նորմերին համապատասխան։ «Հենց հիմա դրսում կատարվող քանդման աշխատանքներից շենքը տատանումների տակ է, մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ, ոնց որ անընդհատ թափ տան»,- «Հետքի» հետ զրույցում հայտնում է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրենը։
Ըստ նրա՝ չնայած կառուցապատողը չի մտել գիտական հաստատության տարածք, հայտնի չէ, թե ինչ կլինի հետո։ «Մեր տարածքում այդ գործունեությունը դեռ չկա։ Չգիտեմ, թե կառավարական կամ քաղաքապետարանի օղակներում ում կխառնեն, որ մեր տարածք մտնելու համար թույլտվություն ստանան, չեմ կարող ասել, քանի որ ամեն տեսակի խոչընդոտ իրենք հաղթահարում են»,- ավելացնում է մեր զրուցակիցը։
Ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանն էլ ասում է, որ ջրանցքը ցանկանում են տեղափոխել իրենց կենտրոնի մասնաշենքերի բակով։ Այսինքն՝ բացի նրանից, որ 2-3 ամիս շինաշխատանքներ են իրականացվելու կենտրոնի բակում՝ դժվարացնելով ելումուտը, ամենալուրջ խնդիրը մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստներն են, որոնք հարեւանությամբ կատարվող շինաշխատանքների ժամանակ անմիջական վտանգի տակ են հայտնվելու։
Գիտնականները բարձրաձայնել են ոչ միայն այս մասին, այլեւ այն վտանգի, որ շինաշխատանքներից հնարավոր է խափանվեն գերզգայուն եւ բավականին թանկ սարքավորումները։ Արփինե Հարությունյանն ասում է՝ կառուցապատողն իր տված հարցազրույցներում նշել է, թե այդ դեպքում իրենք սարքերը վերանորոգելու պատասխանատվություն են ստանձնելու։ «Եթե սարքը փչացավ, մի քանի ամիս մեր աշխատանքը կանգնելու է, մինչեւ իրենք գան սարքեն»,- նկատում է քիմիկոսը։
Գիտնականը մտավախություն ունի, որ եթե նախատեսվող համալիրը կառուցվի, ապա քիմիական ինստիտուտների գոյությունն այդ տարածքում վտանգի տակ կհայտնվի։ Ըստ այդմ՝ բնակիչներն սկսելու են բողոքել, թե չեն ցանկանում ապրել քիմիական ինստիտուտի հարեւանությամբ։ Իսկ գիտական մասնաշենքերի ու նախատեսվող համալիրի հեռավորությունը, մեր զրուցակցի փոխանցմամբ, մոտ 30 մետր է։
Գիտնականները բողոքի ցույց են կազմակերպել, իսկ հետո վիճարկել քաղաքապետարանի թույլտվությունը
Նոյեմբերի 16-ին Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները ցուցապաստառներով բողոքի ցույց էին կազմակերպել նախ Երեւանի քաղաքապետարանի, ապա՝ կառավարության շենքի առաջ։ Քաղաքապետարանում գիտական կառույցի ներկայացուցիչներին ընդունել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը, իսկ կառավարությունում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարն ու պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեջլումյանը փորձել է հավաստիացնել, թե ջրանցքը տեղափոխելու վերաբերյալ առկա է գիտական կառույցի համաձայնությունը։ Այնինչ փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ կենտրոնն իր համաձայնությունը չի տվել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր։ Պարզվել է, որ խոսքը պետգույքի կառավարման կոմիտեի մասին է, որի հաշվեկշռում է գտնվում գիտական կենտրոնի զբաղեցրած պետական հողամասը։ Կոմիտեից, սակայն, նշել են, որ համաձայն են ջրանցքը տեղափոխել գիտական հաստատության զբաղեցրած տարածք, եթե դա գիտականներին չխանգարի, այնինչ գիտնականների կարծիքը ոչ մեկ չի հարցրել։ Ըստ Ռ․ Հակոբյանի՝ պետգույքի կառավարման կոմիտեի ասածը քաղաքապետարանն ընդունել է որպես համաձայնություն ու հոկտեմբերին կառուցապատողին ջրանցքը տեղափոխելու թույլտվություն տվել։
«Փաստացի, նրա շուրջ, որ մեր տարածքում գործողություն պիտի արվի, ոչ ոք մեզնից կարծիք չի հարցրել, այսինքն՝ դրա իրավունքը չունեն։ Մենք պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի եւ տարածքային կառավարման փոխնախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կգան, տեղում կծանոթանան խնդրին։ Տեսան վիճակը եւ հասկացան, որ իրականում չի կարելի ծավալել այդ գործունեությունը մեր ներկայությամբ, անհամատեղելի է այն, ինչ ուզում են անեն»,- ասում է Ռոբերտ Հակոբյանը։
Գիտական կենտրոնը քաղաքապետարանի տված թույլտվությունը բողոքարկելու դիմում է ներկայացրել վարչական դատարան։ Մեր զրուցակիցը նշում է, թե հույս ունեն, որ թույլտվությունը կկասեցվի։
«Կարծում եմ՝ ինչ-որ մեկն իրենց լավ ուղղորդում է ինչ-որ տեղից, որովհետեւ իրենք բոլոր խոչընդոտները վերացնելով առաջ են գնում։ Մենք գիտեինք, որ դա պատմամշակութային տարածք է, եւ ոչ ոք իրավունք չունի այդտեղ շինարարություն անել, սակայն պատմամշակութայինից կարողացան հանել, գիտեինք, որ մեր կենտրոնական շենքը պատմամշակութային ցանկում է, եւ մենք ունենք գոտիականացում, որտեղ բացառվում է ինչ-որ շինարարություն շենքի դիմաց։ Ստացվեց այնպես, որ գոտիականացումն էլ վերացրեցին։ Եվ հիմա փաստացի կարողանալու են կենտրոնական շենքից ընդամենը առավելագույնը 20 մետրի վրա շինարարություն անել։ Մարդիկ կարողանում են իրենց խանգարող խոչընդոտները հանել կառավարության միջոցով»,- ամփոփում է գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Անի Սարգսյանի
Մեկնաբանել