HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԿԿՀ-ն «Հետքի» հոդվածներից հետո է վերլուծում վարչապետի հարազատների հայտարարագրերը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հոդվածների հիման վրա շարունակում է վարչապետի պատգամավոր աներորդու եւ զոքանչի հայտարարագրերի ուսումնասիրությունը:

Դեռ այս տարվա ապրիլին գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը, իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ: Խոսքն այս 3 անձանց 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի, ինչպես նաեւ Գեւորգյանի՝ 2021 թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրի մասին է:

Մեր հոդվածից հետո ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վերոնշյալ անձանց հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն էր իրականացրել:

Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ԿԿՀ-ն հանգում է եզրակացության, որ հայտարարագիրը ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:  

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելն առաջացնում է նախազգուշացում: Իսկ ահա հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է 200.000-400.000 դրամ տուգանքի նշանակում:

Այդուհանդերձ, ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի, եթե ԿԿՀ-ն իր հարուցած վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից իր հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ նրա ամսական եկամտի 10-30-ապատիկի չափով (Քրեական օրենսգրքի իմաստով ամսական եկամուտ է համարվում հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի ստացած միջին ամսական եկամտի 35 տոկոսը), կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Սեպտեմբերին տեղեկացել էինք, որ Հրաչյա Հակոբյանի, Կիմա Մկրտչյանի ու Հայկ Գեւորգյանի հայտարարագրերի վերլուծությունն ավարտված է եւ ներառված ԿԿՀ-ի առաջիկա նիստում:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա ԿԿՀ-ն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 օր ժամկետ։ Եթե այս ժամկետում հայտարարատուն չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա ԿԿՀ-ն նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը սեպտեմբերին «Հետքին» հայտնել էր, որ պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չստանալու դեպքում Հ. Հակոբյանի, Կ. Մկրտչյանի, Հ. Գեւորգյանի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ գործի նյութերը կուղարկվեն գլխավոր դատախազություն։   

Անդրադառնալով այս ինֆորմացիային՝ գրել էինք, որ Հրաչյա Հակոբյանը, ինչպես 2019 եւ 2020 թթ., այնպես էլ 2021 թ. տարեկան հայտարարագրում չի ներկայացրել մոր մասնակցությամբ 2 ընկերությունները: Իսկ մայրը՝ Կիմա Մկրտչյանը, ոչ միայն ցույց չէր տվել իր բաժնեմասերը 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, այլեւ այս տարվա սեպտեմբերի դրությամբ չէր ներկայացրել 2021 թ. իր տարեկան հայտարարագիրը, ինչը պարտավոր էր անել մինչեւ մայիսի 31-ը:

ԿԿՀ-ից տեղեկացել ենք, որ վարչապետի զոքանչն իր տարեկան հայտարարագիրը ներկայացրել է միայն այն բանից հետո, երբ մեր սեպտեմբերյան հոդվածից հետո հանձնաժողովը գրավոր ծանուցում է ուղարկել նրան: Իրականում, սակայն, ԿԿՀ-ն պարտավոր էր Կիմա Մկրտչյանին իր պարտավորության մասին ծանուցել դեռ մայիսի 31-ից հետո ու ստանալ հայտարարագիրը 30 օրվա ընթացքում, չստանալու դեպքում՝ տուգանել նրան:  

Այդուհանդերձ, մեր հոդվածից հետո ԿԿՀ-ն ուղարկել է ծանուցումը, եւ Մկրտչյանը ներկայացրել է 2021 թ. տարեկան հայտարարագիրը, որտեղ, սակայն, կրկին չի ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում ունեցած բաժնեմասերը, ինչը հերթական խախտումն է:  

Ինչպես 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերը վերլուծելիս, այնպես էլ 2021 թ. տարեկան հայտարարագրի պարագայում ԿԿՀ-ն հարցումներ է ուղարկել պետական կառույցների, օգտվել իրեն հասանելի էլեկտրոնային շտեմարաններից: Ստացված պատասխանները համադրվել են վարչապետի երկու հարազատների 2021 թ. տարեկան հայտարարագրերի հետ, ու պարզվել է, որ վերջիններում առկա են անհամապատասխանություններ, որոնց կապակցությամբ Հրաչյա Հակոբյանից ու Կիմա Մկրտչյանից հանձնաժողովը հայցել է պարզաբանում: Նկատենք, որ վերջիններիս 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերը վերլուծելուց հետո եւս ԿԿՀ-ն պարզաբանումներ էր պահանջել Փաշինյանի մերձավորներից:

Մենք ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանին հարցրել էինք, թե ինչ զարգացումներ են եղել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի վերաբերյալ, որոնց մասով Փաշինյանի հարազատներից պարզաբանումներ էին պահանջվել, այնինչ հստակ պատասխան ԿԿՀ-ն չի տվել, փոխարենը նշել է մեր սեպտեմբերյան հոդվածից հետո Հակոբյանի ու Մկրտչյանի 2021 թ. հայտարարագրերը վերլուծելու մասին:

Ստացվում է, որ հանձնաժողովը պետք է վարչապետի հարազատներից պարզաբանում ստանա, թե ինչու նրանց 2019-2021 թթ. տարեկան հայտարարագրերում չեն ներկայացվել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ների մասին տվյալները: Ըստ այդմ էլ՝ պետք է որոշվի, թե ինչ տիպի պատասխանատվության պետք է ենթարկվեն (կամ գուցե չենթարկվեն) այս հայտարարատու անձինք: Պատասխանատվության երկու տարբերակ կա՝ վարչական ու քրեական, որոնց մասին վերը նշեցինք:

Այդուհանդերձ, փաստ է, որ ԿԿՀ-ն բավական դանդաղ է առաջ տանում այս գործերը: Ապրիլին մեր հրապարակած առաջին հոդվածից անցել է 7 ամիս, սակայն վարչապետի աներորդու եւ զոքանչի վերաբերյալ որեւէ որոշում հանձնաժողովը չի կայացրել: 

Ինչ վերաբերում է նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին, որը Կիմա Մկրտչյանի հետ համասեփականատեր է «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում եւ, ինչպես ասվեց, իր ունեցած բաժնեմասերը թերի է ներկայացրել 2019 եւ 2020 թթ. տարեկան եւ 2021 թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերում, ապա ԿԿՀ-ն հայտնել է, որ նախկին պաշտոնյան այս տարվա նոյեմբերի 15-ին մասնակցել է 2021 թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրի վերլուծության արդյունքների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը:

Բանն այն է, որ Հայկ Գեւորգյանը 2019 եւ 2020 թթ․ տարեկան, ինչպես նաեւ 2021 թ․ պաշտոնի դադարեցման հայտարարագրերի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» հատվածում որեւէ նշում չի կատարել, որ 20 % բաժնեմաս ունի թե՛ «Դարեսկիզբում», թե՛ «Նիկան հրատարակչությունում»: Այդուհանդերձ, նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 20 %-ի մասին որեւէ տեղ որեւէ խոսք չկա:

Այս ֆոնին ԿԿՀ-ն չի պարզաբանում, թե ինչու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվում միայն 2021 թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրի մասով, եթե նույն պատկերն է եղել նաեւ Գեւորգյանի 2019 եւ 2020 թթ․ տարեկան հայտարարագրերում: Մյուս կողմից՝ հայտնի չեն արձանագրության մանրամասները: ԿԿՀ կայքի «որոշումներ» կամ «նիստեր» բաժիններում Հայկ Գեւորգյանի վերաբերյալ որեւէ ակտ չկա այս պահի դրությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter