HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բնակչության 26.5%-ը աղքատ է. ամենաաղքատը Գեղարքունիքն ու Շիրակն են 

2021 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 26.5%։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 0.5 տոկոսային կետով։

Վիճակագրական կոմիտեն այսօր՝ նոյեմբերի 30-ին, հրապարակել է աղքատության մասին նոր զեկույցը, որն ամփոփում է 2021 թվականը։

Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի բոլոր ծախսերը (սպառումները) միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։

Ծայրահեղ աղքատ է Հայաստանի բնակչության 1.5%-ը։ 2020-ին այդ ցուցանիշը 0.7% է եղել։

«2021 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 5.7%-ով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 7.2 %-ով: Արդյունքում աղքատության մակարդակի էական փոփոխություն չի արձանագրվել»,- եզրակացնում են վիճակագիրները։

Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն,  արժանապատիվ աշխատանքի իրավունք և այլն:

Դրանց մի մասը ոչ նյութական աղքատության տեսանկյունից են դիտարկվում, ինչպես վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը և այլն: Իսկ նյութական աղքատության մակարդակը որոշելու համար Վիճկոմիտեն սպառումն է հաշվի առնում։

Աղքատության գծերի արժեքները հաշվարկվում են ըստ փաստացի պարենային նվազագույն զամբյուղի և ոչ պարենային ապրանքների արժեքների։

Գյուղաբնակներն ավելի աղքատ են

26.5% աղքատության մակարդակն ընդամենը միջին ցուցանիշ է հանրապետության մակարդակով։ Սակայն, երբ աղքատությունը դիտարկում ենք առանձին ուղղություններով, ապա այն տարբեր է։  Օրինակ՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի։

2021 թվականի դրությամբ քաղաքաբնակների 21.8%-ն է աղքատ։ Մասնավորապես, մայրաքաղաք Երևանում՝ 15.9%-ը։

Նույն ընթացքում գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կազմել է 33%:

Ամենաաղքատը Գեղարքունիքի ու Շիրակի մարզերն են 

Հայաստանի ամենաաղքատ մարզը Գեղարքունիքն է, որտեղ աղքատության մակարդակը 2021 թվականի դրությամբ կազմել է 49.1%: Հաջորդում է Շիրակը՝ 46.9% ցուցանիշով։ Այս երկու մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի բարձր է մյուսներից։

Աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքում, որտեղ նաև միջին աշխատավարձի ցուցանիշն է ամենաբարձրը՝ ի հաշիվ հանքարդյունաբերությունում աշխատողների։

2020 թվականի համեմատ Շիրակում աղքատության մակարդակը էապես բարձրացել է՝ 42.9%-ից դառնալով 46.9%: Գեղարքունիքում այն ավելացել է 1 տոկոսային կետով։

2019 թվակականից սկսած Վիճկոմիտեն փոփոխել է աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը։ Այնուամենայնիվ, հստակ է, որ վերջին երեք տարիներին աղքատությունը էապես չի կրճատվել ու մնացել է գրեթե նույն մակարդակում։ Թեև այն ավելի ցածր է, քան մինչև 2016 թվականը ընկած ժամանակահատվածը, սակայն ավելի բարձր է 2017-2018 թվականների համեմատ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter