HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անհետացած քանդակների գործով կզբաղվի քննչական բաժինը

Արարատ Դավթյան, Էդիկ Բաղդասարյան

Ոստիկանությունից «Հետքին» խոստացել էին պարզաբանել, թե ինչու քրեական գործ չի հարուցվել Ազգային պատկերասրահից 10 արձանիկների եւ 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակի անհետացման կապակցությամբ:

Արդեն այսօր ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ նշյալ գործով «ոստիկանության Կենտրոնի բաժնում այս պահին ընթանում է հետաքննություն, եւ մոտ օրերս գործը կուղարկվի Կենտրոնի քննչական բաժին»: Ըստ երեւույթին, իրավիճակը գնալով լրջանում է, եւ քրեական գործ, այնուամենայնիվ, կհարուցվի:

Քանդակի եւ արձանիկների անհետեւանք անհետացման վերաբերյալ հարցումներ էինք ուղարկել նաեւ գլխավոր դատախազություն, մշակույթի նախարարություն, վարչապետին ու Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին: Բոլոր կառույցներից պատասխաններ ստացել ենք: Չի արձագանքել միայն Փարավոն Միրզոյանը:

Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, թե հանցագործությունները հաշվառվում են ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում, հետեւաբար՝ մեր հարցերին կարող է պատասխանել հենց այս մարմինը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ նշել է, թե «Ազգային պատկերասրահի հիմնական ֆոնդից 2011 թ. արձանագրվել են կորուստներ, որոնց մասին պատկերասրահի տնօրինությունը հայտնել է իրավապահներին»: Իսկ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած մարմինը 2010-2011 թթ. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում ստուգումներ չի իրականացրել, ուղղակի 2009 թ. ծառայության կողմից ուսումնասիրվել է ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների կատարման գործընթացը:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ուսումնասիրության նյութերի հիման վրա ՀՀ վարչապետի կողմից 16.07.2009 թ. ՀՀ մշակույթի նախարարին տրվել է հանձնարարական, որի արդյունքում «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի կողմից գունավոր լուսանկարվել է 29 հազար 906 թանգարանային առարկա, լրացվել են դրանց անձնագրային տեղեկությունները եւ 08.05.2012 թ. դրությամբ թվայնացման «Շտեմարան» ծրագիր է մուտքագրվել 16 հազար 146 թանգարանային առարկա: Լուսանկարման եւ թվայնացման գործընթացը շարունակվում է»,- գրել է վարչապետի վերահսկողական ծառայության պետը:

«Հետքն» իր նախորդ հրապարակման մեջ պատմել էր նաեւ պատկերասրահում կատարված մեկ այլ իրադարձության մասին, որը կրկին քրեաիրավական գնահատական չի ստացել: Մի քանի տարի առաջ Ազգային պատկերասրահում ֆիլմի նկարահանումներն են եղել, որի ավարտից հետո պատկերասրահի 9-րդ հարկում գտնվող սրճարանում «կերուխումից» հետո մոռացել են փակել ջրի ծորակը, եւ այն ողողել է ներքեւի հարկի երկու սրահները՝ հոլանդական, մասամբ էլ՝ ֆրանսիական: Արդյունքում փչացել է հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան (ինվենտար համարը՝ 1241/16504): Պատճառված վնասը, ըստ մասնագետների, հասնում է մի քանի միլիոն դոլարի:

Դեռ անցյալ տարի Խաչատուր Եսայանի երկու գեղանկարների գործով Փարավոն Միրզոյանի հետ հարցազրույցում «Հետքի» թղթակիցը փորձել է ճշտել վերոնշյալ տեղեկությունների հավաստիությունը: Վերջինս հաստատել էր, որ ջրի պատճառով վնասվել է «Թռչնաբները քանդողները» գործը, սակայն չէր մանրամասնել, թե ջուրն ինչ գործ ուներ այդ նկարի հետ: Հավելյալ հարցադրումներին ի պատասխան՝ Միրզոյանը հայտարարել էր, որ «Հետքին» տեղեկություններ կտա միայն այն դեպքում, երբ իրենից ներողություն խնդրենք:

Պատկերասրահի տնօրենը ներողություն է ակնկալում «Սերգեյ Գասպարյանը մեղադրում է Փարավոն Միրզոյանին. «Ես նրան ասում եմ` դու վաճառել ես իմ գործերը: Թող մի անգամ բռնի կոկորդիցս, ասի` ես չեմ արել» հրապարակման համար: Նախ՝ այն արտատպել էր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, եւ Փարավոն Միրզոյանն այդ թերթին դատի էր տվել: Դատավարության ընթացքում թերթի ներկայացուցիչը միջնորդել էր իբրեւ պատասխանող գործում ներգրավվել նաեւ «Հետքին», բայց դատարանը մերժել էր: Երկրորդ՝ նույն հրապարակման առնչությամբ «Հետքը» հարցազրույց էր վերցրել նաեւ Փարավոն Միրզոյանից (տես՝ «Ես ցավում եմ, որ այդ մարդը հիվանդ է, ես կարող էի նրան շանտաժի համար դատի էլ տալ»), ուստի դժվար չէ կռահել, որ իրականում «ներողություն խնդրելու» պահանջը անցանկալի հարցերից խուսափելու հասարակ միջոց էր:

Այնուամենայնիվ, նույն զրույցի ընթացքում Փարավոն Միրզոյանը հընթացս վստահեցրեց, որ պատկերասրահում ոչ մի ֆիլմի նկարահանում չի կատարվել: Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում նկարահանված «Այստեղ» ("Here") ֆիլմի անոնսը (մանրամասները՝ այստեղ) : 32-ից 38-րդ վայրկյանններում պատկերված կադրերը նկարահանվել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի 9-րդ հարկում՝ սրճարանի նախասրահում:

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

HAYRENASER
EDIK BAGDASARYAN DUQ IROQ SHAT HAYRENASER EV HAYRENANVER MARD EQ!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter