HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔՊ-ն տապալեց Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության կապակցությամբ ԱԺ հայտարարության քվեարկությունը

Ազգային ժողովը 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Հայտարարության նախագիծը ներկայացնող պատգամավոր Անդրանիկ Թևանյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները դեմ են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումներին և հայտարարության տեքստից ջնջել են այդ բառերն, ինչն իրենց համար ընդունելի չէ:

Թևանյանը ներկայացրել էր հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետ:

Առաջինն այն է, որ հստակ արձանագրվում է՝ Ադրբեջանը, իր դաշնակից Թուրքիայի, մյուս երկրների վարձկան ահաբեկիչների միջոցով 2020թ. սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Այդ հարձակումով խախտվել է ղարաբաղյան հակամարտության միջնորդական առաքելություն ունեցող Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից առաջարկված սկզբունքը, որը վերաբերում է ուժի չկիրառմանը, խախտվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից մեկը, որը դարձյալ վերաբերում է ուժի չկիրառմանը: Խախտվել է այն համաձայնությունը, որը 1990-ականներին ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայնություն, ըստ որի բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Երկրորդը՝ Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները և իր նպատակադրումները, Արցախի և Հայաստանի մասով ամրագրել է մեզ համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ:

«Մենք Շուշիի հռչակագրի հետ կապված ժամանակին ներկայացրել էինք բանաձև, որը, ցավոք սրտի, չընդունվեց Հայաստանի խորհրդարանի կողմից: 2021թ. ամռանը Շուշիում Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված համաձայնագրով կրկին անընդունելի պահանջներ են ներկայացվել Հայաստանին, խոսվել է «Զանգեզուրի» միջանցքի մասին»,- նշեց Անդրանիկ Թևանյանը՝ թվարկելով նաև այլ անընդունելի պահանջները:

Պատգամավորն ասաց, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարություն ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, ունեցել ենք բազմաթիվ զոհեր և տարածքային կորուստներ:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հայտարարության ձևակերպումներով կողմ ենք խաղաղության պայմանագրին, կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցքի միջոցով, շանտաժի, ուլտիմատումների, ուժի կիրառման միջոցով: Բացի այդ, կարևոր շեշտադրում կա Արցախի ինքնորոշման վերաբերյալ: Նշվել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter