HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկում խաբել են վարկառուին, ԴԱՀԿ աշխատակիցն ազատվել է աշխատանքից ու գնել նրա տունը

Վարչական դատարանն արգելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Երևան քաղաքի Նոր Արեշ 8 հասցեում գտնվող տնից Տիգրան Խանջյանին վտարելուն ուղղված որևէ գործողություն իրականացնել: Հարկադիր կատարողները, տեղյակ լինելով, որ դատարանն այդ հարցով որոշում պետք է կայացնի, դրանից 3 օր առաջ, դուռը կոտրելով, մտել են ներս ու սկսել վտարման գործընթացը: Գործողությունները շարունակել են նաև արգելող որոշման մասին տեղեկանալուց հետո: «Հետք»-ը պարզել է չսպասելու և ամեն գնով վտարելու պատճառները: Տունն ազատել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության կապիտան Գրիշա Դավթյանի պահանջով: Նա է աճուրդով գնել քաղաքացու տունը: Վտարման գործողությունների ժամանակ Խանջյանի տնից անհետացել է 11 հազ. 500 եվրո և մոտ 205 հազ. դրամ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրավոր պարզաբանումներ ստանալու օրերին Դավթյանը զանգահարել է Տիգրան Խանջյանին և առաջարկել տունը վաճառել, իր վճարած գումարը՝ 31 մլն դրամը վերցնել ու մնացածը տալ Խանջյանին: Այս փաստը վկայում է, որ ծառայության նախկին աշխատակիցը սերտ կապ է պահում գործընկերների հետ, և նրան տեղեկացնում են տան հետ կապված իրադարձությունների մասին:

Ամեն ինչ սկսվել է 15 տարի առաջ: 2007թ. նոյեմբերին Տիգրան Խանջյանը որոշել է վարկ վերցնել և Նոր տարուց առաջ ընդլայնել սննդամթերքի խանութը: Այցելել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող գլխամասային գրասենյակ: Հայտնել է, որ ցանկանում է վարկ վերցնել: Տիգրանին է մոտեցել, իր պատմելով՝ բարձրահասակ, փողկապով մի տղամարդ և ներկայացել Մարտին Թորոսյան անունով: Վերջինս ասել է, թե մասնաճյուղի վարկային բաժնի պետն է, կարող է օգնել:

Տիգրանը առանց որևէ բան կասկածելու Մարտին Թորոսյանի հետ քննարկել է վարկ ստանալու հավանականությունը: Ասում է՝ առաջին անգամ էր վարկ վերցնում և վարկային նրբություններին տեղյակ չէր:

Ըստ Տիգրանի՝ Մարտին Թորոսյանն ասել է, որ վարկային պատմություն չունեցող անձանց դժվար են վարկ տալիս: Բացի այդ, եթե հնարավոր լինի վարկը ձևակերպել, ապա հունվար ամսից շուտ չի ստանա: «Լավության կարգով» Մարտին Թորոսյանը Տիգրան Խանջյանին այլ տարբերակ է առաջարկել: Պատմել է, որ անհատ ձեռնարկատեր Գայանե Ենգոյանին խոշոր չափի վարկ է հատկացվելու: Տիգրանին առաջարկել է իր սեփական առանձնատունը գրավադնել, որպես «Գայանե Ենգոյան» ԱՁ-ին տրամադրվելիք վարկի ապահովում և ստանալ ցանկալի 13 մլն դրամ վարկի գումարը՝ 2 օրվա ընթացքում:

Տիգրանն անհանգստացել է, որ իր վարկը ձևակերպվելու է այլ մարդու անունով, սակայն իր պատմելով՝ Մ. Թորոսյանը հանգստացրել է իրեն, թե վարկի մարումը կատարելու է առանձին ժամանակացույցով և կապ չի ունենալու Գայանեի վարկի հետ: Նշել է, որ եթե Գայանե Ենգոյանը չվճարի վարկը, ապա Տիգրան Խանջյանի համար բացասական հետևանք չի առաջանա՝ դարձյալ մատնանշելով առանձին տրամադրված ժամանակացույցը:

Տիգրան Խանջյանը հավատացել և գրավադրել է Երևան քաղաքի Նոր Արեշում գտնվող առանձնատունը: Բանկի հետ համագործակցած փորձագետն այն գնահատել է 27 մլն դրամ, մինչդեռ Տիգրանի ասելով` տան իրական արժեքը 60 մլն դրամ է եղել:

Գրավի պայմանագիրը ձևակերպելու համար Մարտին Թորոսյանի հետ Տիգրանը մոտեցել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի հարևանությամբ գտնվող նոտարական գրասենյակ:

«Այնքան հերթ էր, մի քանի ժամ պիտի սպասեինք: Այդտեղ մի քանի նոտար էին նստում, Մարտինը մոտեցավ ձախ կողմում նստած նոտարներից մեկին և քիչ անց դուրս եկավ սենյակից՝ գրանցամատյանը ձեռքին: Ասաց, որ արագ ստորագրեմ գրանցամատյանի մեջ ու դուրս գանք, հերթում չսպասենք»,- ասում է Տիգրան Խանջյանը: Վերջինս ստորագրել է գրանցամատյանում ու այդպես էլ չի տեսել գրավի պայմանագիրը վավերացրած նոտարին:

2007թ. նոյեմբերի 26-ին նույն մասնաճյուղի շենքի մոտ՝ դրսում, Մարտին Թորոսյանը Տիգրանին առձեռն տվել է 11 մլն 800 հազար դրամ: Գումարի մնացած մասը՝ 1 մլն 200 հազ. դրամը Մարտինը դիտարկել է որպես «կանխավճար», խոստացել է մարել վարկի գումարը և կտրոնները տալ Տիգրանին:

Գումարի հետ Տիգրան Խանջյանին տրամադրվել է նաև ժամանակացույց, ըստ որի պետք է մարեր իր վերցրած 13 մլն դրամ վարկը: Հետագայում է պարզվել, որ այդ ժամանակացույցը կեղծ է եղել: Պարզվել է նաև, որ Խանջյանի սեփականությունը հանդիսացող տան գրավով «Գայանե Ենգոյան» ԱՁ-ի անվամբ տրվել է 33 մլն դրամ վարկ:

Ըստ այդ ժամանակացույցի՝ Տիգրանն ամեն ամիս պետք է վճարեր մոտ 371 հազար դրամ: Առաջին մարման օրը նշվել է 2008թ. հունվարի 3-ը: 11 ամիս շարունակ Տիգրան Խանջյանը պարտաճանաչ կատարել է «Գայանե Ենգոյան» ԱՁ-ի անվամբ տրամադրված վարկի վճարումները: Եղել է ամիս, որ նույնիսկ սահմանված վճարից ավել է վճարել:

«Գումարը վերցրած եկա տուն, տնեցիներով նույնիսկ մաղարիչ խմեցինք, որ վարկն արագ եղել է՝ առանց հասկանալու, որ խաբեության զոհ ենք դառնալու: Իմ մտքով չէր անցնում, որ խաբվում եմ: Ինչ մտածեի, որ բանկի աշխատողը կարող է նման բան անել, կեղծ ժամանակացույց տալ»,- ասում է Տ. Խանջյանը:

2008թ. դեկտեմբերին վարկի հերթական մարման ժամանակ բանկի աշխատակիցը թույլ չի տվել Տիգրան Խանջյանին վճարում կատարել՝ պատճառաբանելով, թե Գայանե Ենգոյանը չի կատարել վարկային պարտավորությունները, բանկային հաշվեհամարը սառեցվել է, իսկ նա գտնվում է հետախուզման մեջ:

Տիգրանն այդ ժամանակ է հասկացել, որ խաբվել է: Անմիջապես զանգել է Մարտին Թորոսյանին: Վերջինս, ըստ Տիգրանի, ասել է. «Իմ գործը չէ, ինչ ուզում եք, գնացեք, արեք»:

2009թ. հունվարին «Կոնվերս բանկը» հայցադիմում է ներկայացրել Տիգրան Խանջյանի, Գայանե Ենգոյանի և Մկրտիչ Ենգոյան անունով անձի դեմ՝ պայմանագրերը լուծելու և գումար բռնագանձելու պահանջով: 2010թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Գայանե Ենգոյանից բռնագանձել 29 մլն 205 հազ. դրամ, ինչպես նաև բռնագանձում տարածել Գայանե Ենգոյանի, Տիգրան Խանջյանի և Մկրտիչ Ենգոյանի կողմից գրավադրված գույքի, իսկ դրանց անբավարարության դեպքում նաև Գայանե Ենգոյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա:

Տիգրան Խանջյանը դիմել է տարբեր ատյաններ, սակայն՝ անօգուտ: Զգալով, որ տունը կորցնում է, 2012թ. դիմել է իրավապահ մարմիններին: Հարուցվել է քրեական գործ՝ Մարտին Թորոսյանի կողմից իր կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու, Տիգրան Խանջյանին վնաս պատճառելու նպատակով օգտագործելու և ծանր հետևանքներ առաջացնելու փաստի առթիվ: Տ. Խանջյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում Մարտին Թորոսյանը հարցաքննվել է և հերքել իր կապը Գայանե Ենգոյանի և Տիգրան Խանջյանի հետ: Նշել է, թե Տիգրան Խանջյանը բանկի գլխամաս չի գնացել, վարկի համար իրեն չի դիմել: Ըստ Թորոսյանի՝ Տիգրանը բանկ գնացել է Գայանե և Մկրտիչ Ենգոյանների հետ: Վերջիններս Տիգրանին ներկայացրել են որպես գրավատու: Իսկ Տիգրանի հետ առերես հարցաքննության ժամանակ հերքել է, որ նրան վարկի վճարման ժամանակացույց է տվել:

Տիգրան Խանջյանը 2013թ. միջնորդություն է ներկայացրել դատարան, որ «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ընկերություններից ստանան իր և Մարտին Թորոսյանի 2007թ. նոյեմբերի 1-ից մինչև 2008թ. դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսազանգերի վերծանումները: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Սակայն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից գրություն է ստացվել, որ իրենց տեղեկատվական համակարգում տվյալներն առկա են 2009թ.-ից և հնարավոր չէ հայցվող տեղեկատվությունը տրամադրել:

Նախաքննության ժամանակ պարզվել է, որ Գայանե Ենգոյանը 2010թ. դեկտեմբերին, իսկ Մկրտիչ Ենգոյանը 2008թ.-ի հոկտեմբերին լքել են Հայաստանի Հանրապետությունը: 2015թ. մարտ ամսին քրեական գործի քննությունը կասեցվել է:

2021թ. նոյեմբերի 12-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու որոշում է կայացվել։ Տիգրան Խանջյանին պատկանող և բանկում գրավադրված տունը ճանաչվել է իրեղեն ապացույց: Սակայն, դատարանի որոշումից 11 տարի անց՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին, հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով տունն իրացնելու մասին:

Տունը գնահատվել է մոտ 68 մլն դրամ, իսկ մեկնարկային գինը սահմանվել է 52 մլն 275 հազ. դրամ: Սակայն, 2022թ.-ին տունը 31 մլն դրամով գնել է աճուրդի որոշում կայացնելու ժամանակ պետական բյուջեի օգտին բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող, Մեղրի քաղաքի հաշվառում ունեցող Գրիշա Դավթյանը:

Արդարադատության կապիտան Գրիշա Դավթյանը 2016-2021թ. ապրիլ ամիսն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող, ապա՝ ավագ հարկադիր կատարող: 2021թ. ապրիլի 22-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 15-ը եղել է պետական բյուջեի օգտին բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող:

Տիգրան Խանջյանի փաստաբանները 2022թ. մարտին դիմել են վերահսկող դատախազին` խնդրելով տալ ցուցում` արգելանքի վերցնել իրեղեն ապացույց հանդիսացող Երևան քաղաքի Նոր Արեշում գտնվող սեփական առանձնատունը և կատարել քննություն՝ պարզելու աճուրդին մասնակցող անձանց հնարավոր փոխկապակցվածությունը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ:

Մոտ մեկ ամիս անց ստացել են դատախազի որոշումը խնդրանքի մերժման մասին, իսկ մինչ այդ տուժող կողմը տեղեկացել է, որ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված առանձնատունն արդեն վաճառվել է: Այս գործով իրավապահ մարմինները շատ դանդաղ են գործում: Նրանց գործողությունները երբեմն լինում են ուշացած, ինչպես, օրինակ, տան օտարումը:

Տիգրանի մոտ գնորդի նկատմամբ կասկածն առաջացել է այն բանից հետո, երբ նոր սեփականատերը չի եկել, չի տեսել, թե ինչ տուն է գնում: Աճուրդով տունը գնելուց 7 ամիս հետո է միայն Գրիշա Դավթյանը եկել, տեսել, թե ինչպիսին է իր նոր տունը:

«Քիչ գումար չի, 31 մլն դրամ է տվել, բա չգա՞ր տեսներ, թե ինչ տուն է առնում: Կարող ա ուրիշ նկարներ էին դրել»,- ասում է Տ. Խանջյանը:

Տիգրան Խանջյանը պատմում է, որ երբ ստացել է տունն աճուրդի դնելու գրությունը, քրեական գործը քննող քննիչն ասել է, թե իրավունք չունեն իրեղեն ապացույց համարվող գույքը դնել աճուրդի։ Դա հանգստացրել է Տիգրանին: Սակայն, դրանից հետո Հարկադիր կատարման ծառայությունից այցելել են Տիգրանի տուն և 22 օր ժամանակ տվել տունն ազատելու համար: Վտարման օր սահմանվել է 2022թ. հուլիսի 22-ը:

Այդ օրը Տիգրանին զանգահարել են Հարկադիր կատարման ծառայությունից` հայտնելով, թե եկել են վտարելու: Տիգրան Խանջյանը հեռախոսով ասել է, թե Սպիտակ համայնքում մասնակցում է ծանոթի հուղարկավորության արարողությանը: Հայտնել է, որ 2 օրից կլինի Երևանում: Տիգրանը դարձյալ հիշեցրել է, որ 3 օր անց այդ հարցով վարչական դատարանը որոշում է կայացնելու: Խնդրել է սպասել:

Չսպասելով Տիգրանի վերադարձին և դատարանի որոշմանը՝ նույն օրը հարկադիր կատարողները կոտրել են Տիգրանի տան դուռը և առանց տան անդամների վտարման գործընթաց սկսել: 

Տիգրան Խանջյանի փաստաբանը հեռախոսով դարձյալ տեղեկացրել է դատարանի սպասվելիք որոշման մասին: Դարձյալ անտեսելով փաստաբանի խնդրանքը` հարկադիր կատարողները մինչև ուշ գիշեր դատարկել են առաջին հարկում գտնվող և Տիգրան Խանջյանի որդուն պատկանող խանութի և տան գույքը: Սակայն, գործը կիսատ է մնացել, որոշել են երկուշաբթի օրը՝ հուլիսի 25-ին շարունակել:

Տ. Խանջյանը նշում է, որ հարկադիր կատարողները որդուն ընդհանրապես չեն տեղեկացրել վտարում սկսելու մասին:

Երկուշաբթի Տիգրանը հարկադիր կատարողներին է տվել վարչական դատարանի որոշումը, որով դատարանն արգելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Նոր Արեշ հասցեում գտնվող վեճի առարկա անշարժ գույքից Տ. Խանջյանին վտարմանն ուղղված որևէ գործողություն կատարել: Ասում է, որ դրանից հետո էլ շարունակել են տունը դատարկել, ապրանքները տեղավորել բեռնատար ավտոմեքենայում՝ իրենց պահեստ տեղափոխելու համար: 15-20 մլն դրամի ապրանք է եղել խանութում, այդ թվում՝ ժամկետային սննդամթերք, որոնք այս պահին արդեն պիտանի չեն: Ասում է՝ տարել են ինչ ձեռքների տակ ընկել է, այդ թվում՝ խանութի ՀԴՄ սարքը:

Տիգրան Խանջյանի եղբայրն ապրում է նույն բակում՝ առանձին տանը: Վերջինս նկատել է, որ Հարկադիր կատարողները փոխել են տանը տեղադրված տեսախցիկների ուղղությունը: Հարցրել է, թե ինչու են տեսախցիկները թեքում: Ստացել է պատասխան, թե իրենց գործողությունները գաղտնի են, և իրավունք չկա տեսանկարահանելու: Վերջում պարզել են, որ հարկադիր կատարողները տարել են նաև տեսախցիկների ձայնագրման համակարգը:

Տիգրանի դուստրը Գերմանիայից գումար է ուղարկել, որպեսզի հայրը հավաքի, Երևանում իրենց համար տուն գնեն: Գումարը՝ 11,500 եվրո, ըստ Տիգրանի՝ պահել է սառնարանի մեջ: Այդ սառնարանը հարկադիր կատարողները ևս տարել են, սակայն գումարն արձանագրված չէ: Տարել են նաև խանութի դրամարկղի գումարը՝ մոտ 205 հազար դրամ, որը նույնպես չի արձանագրվել:

Նշում է, որ շենքի դիմաց 8 «պալմա» տեսակի ծառ է ունեցել, դրանցից 2-ը տարել են, 6-ը՝ թողել: Տարել են ննջասենյակի հեռուստացույցը, ջահը, սակայն հյուրասենյակի մեծ հեռուստացույցն ու ապառիկով գնած ջահերը չեն տարել: Նույնը վերաբերում է սեղանին, աթոռներին:

347 անուն ապրանք է նշված արձանագրության մեջ, սակայն այնպիսի ձեռագրով է գրված, որ հնարավոր չէ կարդալ:

Տիգրանի հարևանները տեսել են, որ հարկադիր կատարողներին օգնող աշխատակիցները խանութից տեղափոխած խմիչքների մի մասը լցրել են սպիտակ մարդատար ավտոմեքենայի մեջ, որը չի գնացել այն ուղղությամբ, ինչ բեռնատար ավտոմեքենան: Տիգրանը կասկած ունի, որ ապրանքների մի մասը տարել են անհայտ ուղղությամբ և յուրացրել: 

Տունը գնելուց հետո արդեն նախկին հարկադիր կատարողը դիմել և հոսանքազրկել է այն: Այժմ Տիգրանը էլեկտրաէներգիա ստանում է եղբոր տնից:

2022թ. սեպտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն է կազմել: Առիթը եղել է Տիգրան Խանջյանի հաղորդումն այն մասին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների՝ նույն տարվա հուլիս ամսին կատարած կատարողական գործողությունների ընթացքում իրեն պատկանող խոշոր չափի՝ 11 հազար 500 եվրո և 205 հազար 450 դրամ գումար է հափշտակվել:

Նոր սեփականատիրոջ խուսափողական պատասխաններն ու վարկային պատմությունը

Հեռախոսով խոսեցինք նաև տան գնորդ Գրիշա Դավթյանի հետ: Սկզբում ասաց, որ ցանկանում է հանդիպել լրագրողի հետ: Երբ հրավիրեցինք խմբագրություն, ասաց, թե իրեն առհասարակ հարմար չէ հանդիպելը: Հետո մտադրությունը փոխեց, հետաքրքրվեց, թե ինչ հարցեր ենք տալու: Մի քանի հարցի պատասխանելուց հետո խնդրեց զանգահարել հաջորդ օրը՝ հանդիպման համար պայմանավորվելու:

Պայմանավորվածության համաձայն` զանգահարեցինք Գրիշա Դավթյանին, սակայն նա հրաժարվեց հանդիպել՝ «իմ իրավունքն է» պատճառաբանությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ Գրիշա Դավթյանը նշեց` ինքը չի իմացել, որ տան հետ կապված դատական գործընթացներ են եղել: Այս հանգամանքը ևս կասկածելի է, քանի որ Հարկադիր կատարման ծառայությունում 5 տարի աշխատած անձը չի կարող տեղեկացված չլինել, թե քաղաքացու տունն ինչ հանգամանքներում է հարկադիր կարգով իրացվում:

Նախկին հարկադիր կատարողը սկզբում հաստատեց, որ տունը գնելուց մի քանի ամիս հետո է գնացել, տեսել, ապա արագ նշեց, թե տունը նայել, նոր է գնել: Թե ինչպես է տունը նայել, երբ այդ տան բնակիչները նրան չեն տեսել՝ անհասկանալի է:

Հարցին, թե՝ Տիգրան Խանջյանը նշել է, որ ամիսներ անց է գնորդին տեսել, Գրիշա Դավթյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ինքը շատ բան կարող է ասել»:

Գրիշա Դավթյանը չէր ուզում ասել նաև, որ Հարկադիր կատարման ծառայությունում է աշխատել: Լրագրողի ճշգրտող հարցին, թե ԴԱՀԿ-ում չեք աշխատե՞լ, պատասխանեց` «Շուտ է եղել, բայց հիմա կապ չունեմ»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում վեճի լուծումը, ինչ է լինելու տան հետ, Դավթյանն ասաց, որ ինքը չի մտածում այդ մասին:

«Ես չեմ մտածում, մտածում է դատավորը, ոնց ճիշտ գտնի, այդպես էլ կլինի»,- նշեց Գրիշա Դավթյանը:

Գրիշա Դավթյանը թեև 31 մլն դրամով տուն է գնել, սակայն չի կարողանում վճարել բանկերից վերցրած փոքր վարկերը: Մասնավորապես, Գ. Դավթյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի միջև 2019թ. կնքվել է 100 հազար դրամ վարկային պայմանագիր: Վարկը պետք է մարվի մինչև 2024թ.: Սակայն, ընթացքում նա չի վճարել նույնիսկ այդ փոքր գումարը, և բանկն այս տարվա ապրիլին դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:

Դատարանը բավարարել է բանկի հայցադիմումը՝ վճռելով Գրիշա Դավթյանից բռնագանձել մոտ 64 հազար դրամ՝ օրական 0.1 տոկոսի չափով տույժի հաշվարկմամբ:

2022թ. փետրվարին Գրիշա Դավթյանի դեմ գումարի բռնագանձման երկու պահանջ է ներկայացրել նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Գ. Դավթյանը 2018թ.-ին բանկից երկու վարկ է վերցրել՝ 380 հազ. և 120 հազ. դրամ, սակայն պարտավորությունն ամբողջությամբ չի կատարել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիս ամսին վճռել է հօգուտ բանկի Դավթյանից բռնագանձել մի դեպքում մոտ 77 հազար դրամ, մյուսով՝ 70 հազար դրամ՝ ուշացած օրերի համար տոկոսների հաշվարկմամբ:

Հարկադիր կատարման ծառայությունը հակաօրինական ոչինչ չի տեսնում

Պարզաբանում ստանալու նպատակով դիմել էինք Հարկադիր կատարման ծառայությանը: Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնից «Հետք»-ին հայտնել են, որ անշարժ գույքի նոր սեփականատերը (Գրիշա Դավթյանը,-հեղ.) 2022թ. հունիսի 9-ին դիմել է ծառայություն՝ խնդրելով կատարել վտարում:

Նույն ամսի 14-ին կատարողական վարույթները փոխանցվել են իրենց բաժին՝ վտարման կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով: Հուլիսի 6-ին վտարման մասին որոշում է կայացվել՝ վտարման գործողությունների սկիզբ նշանակելով հուլիսի 22-ը: Նշված որոշումներն ուղարկել են Տիգրան Խանջյանին:

Ինչ վերաբերում է վարչական դատարանի որոշմանը, որով հարկադիր ծառայությանն արգելել է Տիգրան Խանջյանին վտարել, ապա Հարկադիր կատարման ծառայությունից հայտնում են, որ մինչ այդ որոշման կատարողական թերթի՝ ծառայություն մուտքագրվելը, Տիգրան Խանջյանն արդեն վտարվել է անշարժ գույքից, ինչի մասին կազմվել է արձանագրություն:

Պատասխանում նշված է, որ հարկադիր կատարման ծառայողները, քաղաքացու բացակայության պայմաններում մուտք գործելով վտարման ենթակա հասցե, չեն խախտել օրենքի պահանջը: Այն նախատեսված է օրենքով:

Ինչ վերաբերում է ապրանքների մի մասը տանելուն, որոշ ապրանքներ թողնելուն, ապա, ըստ Հարկադիր կատարման ծառայության, նշված հասցեում մնացել է մի քանի անվանում գույք, որոնք տեղում արձանագրությամբ գույքագրվել և ի պահ են տրվել տան նոր սեփականատիրոջը՝ հետագայում Տիգրան Խանջյանի և մյուսների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց փոխանցելու պայմանով:

«Պարտապանին առաջարկվել է կամավոր ազատել այլ անձի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ վերցնելով իրեն պատկանող շարժական գույքը, որը Տիգրան Խանջյանը չի կատարել։ Դրանից հետո, ինչպես արդեն հայտնել ենք, նշանակվել է հարկադիր վտարման օր։ «Վտարում» կատարողական գործողությունն իրենից ենթադրում է ինչպես անձանց, այնպես էլ նրանց պատկանող շարժական գույքի վտարում։ Հաշվի առնելով, որ հասցեում առկա շարժական գույքը պատկանել է հասցեի նախկին սեփականատերերին՝ այն ևս տեղափոխվել է վտարվող հասցեից»,- նշված է ծառայության պատասխանում:

Հետաքրքրվել էինք նաև Խանջյաններին պատճառված վնասների մասին: Խանութից պահեստ է տեղափոխվել ապրանք, որը ժամկետային է, և դրանց մի մասն արդեն պիտանի չէ օգտագործման:

Հարկադիր կատարման ծառայությունից նշել են, որ վարչարարությամբ պատճառված վնասի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Եթե վարչական մարմնի գործողությունը ճանաչվի ոչ իրավաչափ, ապա քաղաքացուն հասցված վնասը հատուցելու պարտականությունը կկրի վարչական մարմինը, այսինքն՝ Հարկադիր կատարման ծառայությունը:

Հանգիստ կարող ենք ենթադրել, որ Հարկադիր կատարումն ապահովող  ծառայության աշխատակիցներն իրենց աշխատակցի համար էին այդքան արագ դատարկում Տիգրան Խանջյանի տունը։ Ակնհայտ է, որ գործել է բանկ-իրավապահ մարմիններ-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն սխեմա։ 14 տարի է` իրավապահ մարմինները քննում են Տիգրան Խանջյանի «վարկային գործը» ու դժվար է ասել՝ այդ քննությունը երբևէ կավարտվի՞։ Այս հարցին կարող է պատասխանել Գլխավոր դատախազությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter