HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 ամիս տևած բողոքի ակցիաներից հետո Արմավիրի քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից

Դասախոսական անձնակազմի երեք ամսվա գործադուլից ու բողոքի ակցիաներից հետո աշխատանքից ազատվել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը: Դասախոսները վերադարձել են աշխատանքի` վերականգնելով խաթարված դասապրոցեսը:

Քոլեջի դասախոս Մարիա Նազրարյանն ասաց, որ այժմ շաբաթ օրերն էլ են աշխատում, որպեսզի բացը լրացնեն:

Ի տարբերություն աշխատանքից ազատված տնօրենի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ջեմմա Սարգսյանը միջին մասնագիտական ոլորտում աշխատանքային փորձ ունի:

Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից հրապարակային բողոքի ակցիաներ էին: Դասախոսները պահանջում էին աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին: 

Նրանք նշում էին, որ Արշակյանը չի կարողանում ղեկավարել քոլեջը, թույլ է տվել չարաշահումներ: Ոչ արդյունավետ ծախսումներ է իրականացրել:

Քոլեջի դասախոսները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց, քանի որ քոլեջը նախարարության ենթակայության ներքո է գործում: Հանդիպել են նաև նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Բողոքի ակցիաների օրերին մի խումբ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Ութ աշխատակից հայցադիմում է ներկայացրել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դեմ` հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, պարապուրդի և չվճարված աշխատավարձի գումարները բռնագանձելու պահանջների մասին:

Դասախոսները նշեցին, որ Անգին Արշակյանի`  տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո իրենց խոստացել են վերականգնել աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter