HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի: Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000:

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն են կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Նկատենք, սակայն, որ տունն անավարտ վիճակում է:

Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին տունը վաճառքի հանվեց, մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյաններն այս առանձնատունը 2011-ին ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։ 

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, սակայն եթե դատարանը որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձել տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ:

Ու հետաքրքիրն այն է, որ գնորդ հայտնվել էր, ինչի մասին հուշում էին անշարժ գույքի գործակալությունների էջերում հայտնված նշումները Խաչատրյանների տան վերաբերյալ, ինչպիսիք էին՝ «under contract», «active under contract» կամ «accepting backup offers»: Սրանք նշանակում էին, որ առանձնատան վաճառքի վերաբերյալ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն գործարքը դեռ ավարտին չէր հասցվել, եւ Խաչատրյանները պատրաստ էին դիտարկել այլ գնային առաջարկներ եւս:

Այդուհանդերձ, ինչպես վերեւում ասվեց, նոյեմբերի 3-ին տունը հանվել է շուկայից եւ չի վաճառվել: Սակայն հաշված օրեր անց՝ նոյեմբերի 30-ին, Հոլմբի Հիլզում գտնվող այս շքեղ առանձնատունը նորից հայտնվել է շուկայում՝ այս անգամ 56.000.000 դոլար արժեքով: Ըստ համացանցում առկա տվյալների՝ տունը շուկա է հանել «RE/MAX» ընկերությունը, որն անշարժ գույքի շուկայում աշխարհի ամենախոշոր գործակալություններից է:

Համացանցում հայտնվել են նաեւ նոր լուսանկարներ Խաչատրյանների առանձնատնից ու տեսանյութ, որոնք նախատեսված են հավանական գնորդների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter