HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով 2023թ․-ից փուլային տարբերակով նախատեսվում է ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ: Ըստ հայտարարատու անձանց խմբերի, 3 տարվա ընթացքում ամբողջությամբ համակարգը կներդրվի: Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծի քննարկմանն ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում:

Առաջին փուլում, որը վերաբերում է 2023թ. հաշվետու տարվան, հայտարարագիր ներկայացնելու են նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով, այն ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022թ. արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ) են:

Առաջին փուլով հայտարարագրվելու են նաև այն քաղաքացիների եկամուտները, որոնք 2023թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, նույն տարվա ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր նշված տարվա ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2023թ. հաշվետու տարվա և դրան հաջորդող չորս հաշվետու տարիների մասով ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դուրս ստացված կամ ստացման ենթակա մինչև 12 միլիոն դրամ եկամուտների մասով՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքներ ֆիզիկական անձինք կարող են հարկային մարմին չներկայացնել:

Առաջին փուլով եկամուտները հայտարարագրելու են նաև այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են համարվում:

Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է, որ 2025թ. հաշվետու տարվա համար 2026թ. հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները:

Նախագծով առաջարկվում է, որ սոցիալական ծախսերից չեն կարողանալու օգտվել այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով): Իսկ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը:

Ըստ կառավարության հիմնավորումների՝ հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է ունենալ նաև անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող ոլորտային քաղաքականությունների հասցեականությունը, հետևաբար նաև՝ արդյունավետությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց այս նախագծով բարձրացվելու է որևէ հարկ կամ հարկային դրույքաչափ, ինչին ի պատասխան Արման Պողոսյանը հայտարարեց, որ այս նախագծի ընդունմամբ, համակարգի ներդրմամբ չի նախատեսվում որևէ հարկի բարձրացում կամ նոր հարկատեսակի սահմանում:

Բաբկեն Թունյանը նշեց, որ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը, Ազգային ժողովում կհրավիրի հանրային քննարկում: Պատգամավորն ասաց, որ մասնագետների զգալի մասը կողմ է համակարգի ներդրմանը:

Պատգամավորը նշեց, որ ՊԵԿ-ից հավաստիացրել են, որ հայտարարագրման գործընթացը լինելու է պարզ: Բոլոր քաղաքացիներն ունենալու են էլեկտրոնային էջեր: ՊԵԿ-ն արդեն ինքնաշխատ եղանակով գեներացնելու է քաղաքացու եկամուտները, դրանց փոփոխությունների դեպքում քաղաքացին տեղում կարող է իրականացնել փոփոխությունը:

Բաբկեն Թունյանը բերեց թանկարժեք նկարների օրինակը, որ նրանց դեպքում այլ մոտեցում պետք է լինի և չնույնանան կարիքավորների հետ:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով Բաբկեն Թունյանին, հորդորեց նախագիծը հիմնավորելու համար գույքային տարբեր դիրքերում գտնվող խմբերին չհակադրել իրար: Ըստ նրա՝ պետության մեջ բոլոր խմբերն իրենց դերակատարումն ունեն:

Թունյանն ասաց, որ ինքը չի հակադրում, պարզապես ցույց է տալիս, որ պետությունն իր սոցիալական քաղաքականությունն իրականացնի թիրախային: Ըստ նրա, «Covid»-ի ծրագրերի ժամանակ պարզ է դարձել, որ աջակցության ծրագրերից օգտվել են նաև ֆինանսապես ոչ խոցելի անձինք:

Ըստ Արսենյանի՝ պատին կախված նկարը երբեմն թանկանում է, երբեմն էժանանում է: Հորդորեց, որ մոռանան այդ նկարի մասին: «Հո մարդիկ կրակը չեն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»,- ասաց Գ. Արսենյանը:

Ելույթի ժամանակ Գուրգեն Արսենյանն ասաց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրմանը կողմ է: Նշեց՝ որպես քաղաքական թիմի անդամ, պատասխանատվություն է կրելու ներդրման հետևանքների հմար:

Արսենյանը հիշեցրեց, որ Կառավարության ներկայացուցիչը մի քանի անգամ հայտարարեց, որ այդ մոդելի կիրառումը, որևէ ձևով չի բերելու հարկային բեռի ավելացմանը կամ փոփոխությանը: Արսենյանը զգուշացրեց, որ եթե տեղի ունեցավ հակառակը, որևէ բան, որ Կառավարության կողմից կբերի հարկային բեռի փոփոխություն կամ ավելացում, իր կողմից կարժանանա կտրուկ հակադրության:

Զարուհի Բաթոյանին հետաքրքրում էր, որ պաշտոնյաների դեպքում հայտարարագրերը հասանելի են հանրությանը, արդյոք քաղաքացիների դեպքում նույն սկզբունքն է գործելու, և հարևանները տեսնելո՞ւ են:

Բաբկեն Թունյանը նշեց, որ այդ հայտարարագրերը տեսնելու են միայն համապատասխան մարմիններն ու հայտարարագիր լրացնող քաղաքացին: Պատճառն այն է, որ ի տարբերություն պաշտոնյաների, այն հակակոռուպցիոն բնույթ չունի:

Նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու 2023թ. հունվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter