HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյանի նկարների ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է. ինչու պատգամավորին դուր չեկավ թանկարժեք նկարների օրինակը

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին դուր չեկան նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթի որոշ դրվագներ: Վերջինս սոցիալական քաղաքականությունը հիմնավորելու համար բերեց թանկարժեք նկար ունեցողների օրինակը, որ նրանք չեն կարող նույնականացվել իրական կարիքավորների հետ: Սա էլ հակադրություն առաջացրեց Արսենյանի մոտ:

Գուրգեն Արսենյանի «բողոքը» հասկանալի է, քանի որ 2021թ․ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն ունի 16 միավոր թանկարժեք գույք, որից 3-ը՝ նկարների հավաքածու: Արսենյանի ունեցած միայն 3 նկարի արժեքը մոտ 533 մլն դրամ է:

Ելույթի ժամանակ պատգամավոր Լուսինե Բադալյանը հիմնավոր համարեց գործընկերոջ օրինագիծը նկարի վերաբերյալ:

Նիստը նախագահող ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հեգնանքով ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը, մինչդեռ թանկարժեք նկարների վերաբերյալ ասելիք կունենային:

«Տիկին Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք»,- ծիծաղելով հայտարարեց Ռուբինյանը՝ հավանաբար չիմանալով, որ Գուրգեն Արսենյանն այդ հարցով ևս պակաս ասելիք չի ունենա:

Ըստ Արսենյանի 2021թ․ հայտարարագրի՝ ունի 2 ժամացույց՝ 51 մլն 300 հազար և 82 մլն դրամ արժեքով, 32 մլն դրամ արժողությամբ ոսկու ձուլակտոր, 18 մլն դրամ արժողությամբ ոսկյա հուշադրամների հավաքածու, ինչպես նշեցինք՝ 3 նկար՝ ընդհանուր 533 մլն դրամ արժեքով:

Արսենյանը հայտարարագրել է նաև 300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ ճաշասենյակի կահույքի հավաքածու, 18 մլն դրամ արժեքով հյուրասենյակի կահույքի հավաքածու, 110 մլն դրամ արժողությամբ հյուրասենյակի կահույքի հավաքածու, ինչպես նաև 62 մլն դրամ արժողությամբ ննջասենյակի կահույքի հավաքածու։

Արսենյանն ունի նաև 5 մլն դրամանոց հեռուստացույց, 6 մլն դրամանոց ակոսափող հրացան, 70 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ ճաշի սպասքի անվանական հավաքածու, 48 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ արծաթյա սպասքի հավաքածու, 8500 դոլարանոց հեռադիտակ:

Օրինագծի քննարկման ժամանակ Արսենյանը հայտարարեց, որ պատին կախված նկարը երբեմն թանկանում է, երբեմն՝ էժանանում: Նա հորդորեց, որ մոռանան այդ նկարի մասին: «Հո մարդիկ կրակը չեն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»,- ասաց Գ. Արսենյանը, այդպես էլ չբարձրաձայնելով, որ մտահոգված է իր նկարների ճակատագրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter