HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը դիմել է Միջպետական ավիացիոն կոմիտեին՝ վերջին ավիաաղետը հետաքննելու համար

Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ աղետի ենթարկված եւ 2 հոգու մահվան պատճառ դարձած օդանավի պատահարի հետաքննությանը ներգրավվել է Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ): Վերջինս ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին հետխորհրդային երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով: Կոմիտեի գլխավոր գործառույթներից մեկը ավիացիոն պատահարների հետաքննությունն է կամ դրան մասնակցելը:

Հիշեցնենք, որ ամսի 1-ին Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռն ընկել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Վալերիի Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Վասիլիի Ռոգատկինը (1983 թ.) զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ դեկտեմբերի 1-ին ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարույթային գործողություններ՝ աղետի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:

Նշված օրենսդրական դրույթը սահմանում է. «Օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»:

Բացի քրեական վարույթից՝ սկսվել է նաեւ աղետի մասնագիտական քննություն:

ՀՀ կառավարության 2003 թ. որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում մասնագիտական քննությունն անհապաղ կազմակերպում եւ վարում է ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը:

Դեկտեմբերի 5-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է հանձնաժողով, որի նախագահը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ընդգրկված են նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, պաշտպանության փոխնախարարները, ԱԱԾ տնօրենի տեղակալը, փոխոստիկանապետը, ՏԿԵՆ երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետը, որը հանձնաժողովի քարտուղարն է:

Վարչապետը հանձնաժողովի նախագահ Գ. Սանոսյանին հանձնարարել է ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների: Վերջիններիս կարիքը վստահաբար լինելու է, քանի որ կառավարության 2003 թ. որոշումը մասնագիտական քննության մասին է, այնինչ հանձնաժողովի անդամ վերոնշյալ անձինք ավիացիայի մասնագետներ չեն: Փաշինյանը Սանոսյանին նաեւ հանձնարարել է քննության արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել իրեն:

Կառավարության 2003 թ. որոշումը սահմանում է, որ հանձնաժողովը մասնագիտական քննությունը կազմակերպում ու վարում է համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների եւ, անհրաժեշտության դեպքում, Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնակցությամբ՝ միջկառավարական համաձայնագրին համապատասխան՝ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թ. որոշմամբ սահմանված կարգով:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ 1991 թ. միջպետական համաձայնագրի հիման վրա եւ ՀՀ կառավարության խնդրանքով կոմիտեն ձեւավորել է դեկտեմբերի 1-ի ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողով, որն արդեն սկսել է իր աշխատանքները:

Ինչպես արդեն գրել ենք, աղետի ենթարկվածը Սլովակիայում որպես OM-KVV գրանցված ամերիկյան «Beechcraft 95-B55 Baron» ինքնաթիռն էր, որն արտադրվել է 1969-ին ու բազավորվում էր Չեխիայի Պրշիբրամ քաղաքի օդանավակայանում: OM-KVV-ի սեփականատերը, համաձայն Սլովակիայի օդանավերի ռեգիստրի, Վադիմ Կորոլն էր (Vadym Korol), իսկ շահագործողը՝ «Enlever Foundation»-ը, որը, ըստ համացանցի բաց աղբյուրների, գրանցված է Սլովակիայի Հլոհովեց քաղաքում: 

Այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ օդանավը վաճառվում էր 156.800 եվրոյով (գումարած ԱԱՀ-ն՝ 189.728 եվրո): Թռիչքներին առցանց հետեւող կայքերի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ի առավոտյան OM-KVV-ն չեխական Պրշիբրամից թռել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, այստեղից էլ՝ բուլղարական Բուրգաս: Նոյեմբերի 28-ի առավոտյան ինքնաթիռը նկատվել է Թուրքիայի երկնքում. այն Բուրգասից, ըստ էության, գալիս էր Հայաստան, որպեսզի հետո մեկնի Ռուսաստան: 

Համացանցի բաց աղբյուրներում զոհված օդաչուների անունների որոնումը ցույց է տալիս, որ Ալեքսեյ Վալերիի Պրոցենկոյի անվանական տվյալներով գրանցված է 3 կազմակերպություն (չենք պնդում, որ սա հենց զոհված օդաչուն է, բայց շատ հավանական է, որ այդպես է): Երեքն էլ կապ ունեն ավիացիայի հետ: 

2017 թ. օգոստոսին Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքային օկրուգում գրանցվել է «Полетаем Авиэшен» ՍՊԸ-ն, որի գործունեության գլխավոր տեսակը օդանավերի եւ ավիացիոն սարքավորանքի վարձույթն ու լիզինգն է: Ընկերության միակ սեփականատերն ու գլխավոր տնօրենը Ա. Պրոցենկոն է:

Ընկերությունն իր պաշտոնական կայքում առաջարկում է թռիչքի կազմակերպում բոլոր ցանկացողների եւ օդանավի վարձակալություն՝ օդաչուի վկայական ունեցողների համար: Ըստ կայքի՝ ընկերությունն ունի արտասահմանյան արտադրության 6 թեթեւ ինքնաթիռ: Միաժամանակ այն առաջարկում է անդամագրվել իր ավիաակումբին:

Բանն այն է, որ 2021 թ. մայիսին «Полетаем Авиэшен»-ի հասցեում գրանցվել է «Авиаклуб “Полетаем”» ասոցիացիան, որի տնօրենը Ալեքսեյ Պրոցենկոն է:

2022 թ. հունվարին էլ Մոսկվայի Վնուկովո շրջանում՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայանի հարեւանությամբ, գրանցվել է «Полетаем Техникс» ՍՊԸ-ն, որի գործունեության գլխավոր տեսակը թռչող ապարատների նորոգումն ու տեխնիկական սպասարկումն է: Ընկերության գլխավոր տնօրենը Ա. Պրոցենկոն է, ով նաեւ դրա 50 տոկոսի սեփականատերն է, իսկ մյուս փայատերը Կոնստանտին Մաքսիմովն է, որը եւս ներգրավված է ավիացիայի ոլորտում:

Չի բացառվում, որ չեխական Պրշիբրամից Ռուսաստան մեկնող «Beechcraft 95-B55»-ը գնում էր համալրելու «Полетаем Авиэшен»-ի ավիապարկը:

Առաջին լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter