
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտության մատնեց Նիդերլանդների ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին․ Լեո Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նահուել Մոլինան։ 73-րդ րոպեին արդեն Մեսսին 11-մետրանոցից կրկնապատկեց արգենտինացիների առավելությունը։ 83-րդ րոպեին, սակայն, Նիդերլանդներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Վաուտ Վեգհորսթը։ Հանդիպման հիմնական ժամանակին գլխավոր մրցավարը ավելացրեց 10 րոպե, և երբ այդ 10 րոպեներն էլ ավարտվել էին, վտանգավոր դիրքում տուգանային հարված նշանակվեց Արգենտինայի դարպասին։ Նիդերլանդները հնարամիտ կերպով խաղարկեցին այդ տուգանայինը և հավասարեցրին հաշիվը, կրկին աչքի ընկավ Վաուտ Վեգհորսթը։
Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 30 րոպեների ընթացքում թիմերը չկարողացան արդյունքի հասնել, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց Արգենտինան։
Կիսաեզրափակիչ փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիայի ընտրանին, որը քառորդ եզրափակչում կրկին հետխաղյա 11-մետրանոցներով պարտության է մատնել Բրազիլիայի հավաքականին։
Դեկտեմբերի 10-ին տեղի կունենան քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումները․ Երևանի ժամանակով 19։00-ին՝ Մարոկկո-Պորտուգալիա, 23։00-ին՝ Անգլիա-Ֆրանսիա։
Մեկնաբանել