HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Էվա Կայլիի լիազորությունները

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել կառույցի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Էվա Կայլիի լիազորությունների դադարեցմանը։ Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրոպական խորհրդարանը որոշել է դադարեցնել Էվա Կայլիի լիազորությունները։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել 625 պատգամավոր, 1-ը դեմ է եղել, ևս 2-ը ձեռնպահ են մնացել»,- նշվում է Եվրոպական խորհրդարանի կայքէջում։ Հաղորդագրության մեջ ասված է, որ քվեարկությունն իրականացվել է Բելգիայում ընթացող հետաքննության ֆոնին, որով անցնում են Եվրոպական խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ։

Քվեարկությունն ուներ ֆորմալ բնույթ, չնայած ավելի վաղ, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան որոշում էր ընդունել կասեցնելու փոխնախագահ Էվա Կայլիի լիազորությունները։

Ավելի վաղ, Le soir թերթը հայտնել էր, որ Կայլին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։

Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Ընդ որում՝ հետաքննությունն ընթանում է 2022 թվականի հուլիսից։

Պարբերականի տվյալներով՝ կասկածյալները մեղադրվում են կատարական կողմից կաշառք ստանալու և Եվրոպական միության քաղաքականության վրա ազդեցության փորձերի մեջ, մասնավորապես, ազդելու Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորների դիրքորոշման վրա։ Ըստ Le Soir-ի՝ ձերբակալված անձինք Եվրոպական խորհրդարանի մյուս պատգամավորներին տվել են խոշոր չափերի գումար և թանկարժեք նվերներ։

Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։ Վերջինիս անունը չի նշվում։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter