HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ապրում ենք` հույսով, որ ճանապարհն օր առաջ կբացվի»,- ասում է Մոխրաթաղի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը 

Աստղիկ Քեշիշյանը Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի դպրոցում «Դասավանդի'ր, Հայաստան» ծրագրով արդեն երկրորդ տարին է՝ ուսուցչություն է անում։ Դպրոցում դասավանդում է հայոց լեզու և գրականություն, տանը նաև անգլերենի մասնավոր պարապմունքներ է անցկացնում։

Լաչինի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ նա Հայաստանում էր։ Երբ իմացել է ճանապարհի փակվելու լուրը, ուրախացել է, որ հասցրել է վերադառնալ Արցախ։ Պատմում է, որ հիմա էլ Մոխրաթաղում բոլորն ապրում են իրենց բնականոն կյանքով։ Տագնապ ու խուճապ, կարծես թե, չկա։ Այսօր աշակերտների հետ քննարկել են դասասենյակներն Ամանորին զարդարելու հարցը։ Աշակերտների հետ աշխատում են այդ թեմայով չխոսել, չեն ուզում նրանց մեջ տագնապ առաջացնել։ Ուսուցչանոցում, սակայն, քննարկման առաջին թեման Ստեփանակերտ-Գորիս փակված ճանապարհն է։

«Օրեր առաջ էլ է եղել դեպք, երբ ճանապարհը փակվել է մի քանի ժամով, բայց այսքան երկար չէր տևել, բնականաբար անհանգստացնող, ավելի շատ՝ նյարդայնացնող է այս իրավիճակը»,-ասում է ուսուցչուհին։

Մոխրաթաղի դպրոցում 67 աշակերտ է սովորում։ Նրանց թիվը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աճել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերից ու քաղաքներից Մոխրաթաղ տեղափոխված աշակերտների շնորհիվ։

Աստղիկը Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրից է։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Պատերազմից հետո՝ 2021 թվականի սեպտեմբերից է տեղափոխվել Մոխրաթաղ՝ ապրելու և դասավանդելու։

«Արցախ տեղափոխվելու պատճառներս տարբեր ու բազմաբնույթ էին, բայց հիմնական ազդակը, այո, հենց պատերազմն է եղել։ Ես գիտեի, որ չեմ կարող և չեմ ուզում շարունակել ապրել նախկինի պես։ Արցախում դասավանդելու որոշումը լավագույնն էր թվում այդ շրջանում։ Եվ հիմա էլ, չնայած ամենօրյա դժվարություններին, չեմ զղջում, որովհետև ունեմ սիրելի աշխատանք ու շրջապատված եմ սիրելի մարդկանցով»,-ասում է Աստղիկ Քեշիշյանը։

Աստղիկի ընտանիքը Արցախ տեղափոխվելու նրա որոշմանը դեմ չի եղել, չնայած անհանգստություն կար։ «Այստեղ ինձնից բացի 120 000 մարդ է ապրում, ինչպես բոլորը, այնպես՝ ես»,-ասում է նա։

Խոսելով առկա եւ գալիք վտանգների մասին՝ Աստղիկն ասում է, որ Արցախի ապագան վտանգված էր 2020-ի պատերազմից ի վեր և դրանից առաջ։

«Բոլորս էլ պատկերացնում էինք, որ ընդամենը մի օր, մի պահ, ու ադրբեջանցիները հեշտությամբ կարող են փակել միակ ճանապարհն ու Արցախը թողնել շրջափակման մեջ, բայց միշտ էլ, ինչպես լինում է նման դեպքերում, կար հույսը, որ այդպես չի լինի։ Եվ հիմա էլ կա հույս, որ ճանապարհը օր առաջ կբացվի, և Արցախում հումանիտար լայնամասշտաբ աղետ չի լինի»,-նշում է Աստղիկը։

Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ադրբեջանը խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter