HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը

Եվրոպական միությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այդ մասին նշվում է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրոպական միությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ազատ տեղաշարժի նման սահմանափակումները խորն անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ»,- ասվում է եվրոպացի դիվանագետի հայտարարության մեջ։

Պետեր Ստանոն նշել է, որ «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երկրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Այսօր երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ eumetsat.int-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter