HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1100 քաղաքացիական անձինք, որոնցից 270-ը՝ անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

«ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը սպասարկող ՆԳՆ ծառայողները։ Ադրբեջանն այսօրինակ սադրանքով շարունակում է խախտել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի, բժշկական պատշաճ օգնության և հումանիտար բնույթի այլ իրավունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երկրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Այսօր երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter