HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկացի կոնգրեսականները Ադրբեջանից պահանջում են բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին:

«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին: Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և կենսական նշանակության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաև սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը։ Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին», - ասվում է ամերիկացի կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ:

Ամերիկացի կոնգրեսականներն արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից կենսական նշանակության գծերի այս փակումը կամ փակման սպառնալիքը ևս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարևոր ենթակառուցվածքները և մարդասիրական ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: «Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիևի վարչակարգի վերամբարձ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են», - հայտարարել են կոնգրեսականները:

Նրանք ԱՄՆ-ին և եվրոպական պետություններին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Նրանք նաև պահանջել են Իլհամ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի և խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով ու ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվումն այդ քննարկումներում:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Երեկ երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ J. David Ake / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter