HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկով. «Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը կկարողանան շփվել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում»

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման համաձայնեցման աշխատանքներն իրականացվում են, նրանք առնվազն կկարողանան բանակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ պլանավորված է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեքը առնվազն հնարավորություն կունենան բանակցել գոնե դրա շրջանակներում։ Թե ինչպես դա կդասավորվի, աշխատանքները դեռևս շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Ընդորում, խոսելով ամբողջական ձևաչափով եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ չկան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների ամենամյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Պուտինը մինչև տարեվերջ այլ շփումներ էլ կունենա, սակայն այս հանդիպումը կդառնա նրա մասնակցությամբ գլխավոր միջոցառումը։

Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհի փակ լինելու ու գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս, ինչի հետևանքով այնտեղ անցել են խնայողական ռեժիմի։ Դադարեցվել է նաև այն ուսումնական հաստատությունների աշխատանքը, որտեղ ջեռուցումը կազմակերպվում էր գազով։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter