HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը և նստացույցին միացած շուրջ 20 քաղաքացի գիշերում են Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որ դեկտեմբերի 14-ից անժամկետ նստացույց էր սկսել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին: Իսկ հիմա գիշերում ենք այստեղ շուրջ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք: 

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:

Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին: Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝

1. Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:

2. Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:

3. Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:

4. Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:

5. Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:

ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ»:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը` Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter