HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը

Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ պատասխանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ TACC-ի թղթակցի հարցին։

«Մենք հույս ունենք, որ համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և քաղաքացիների խաղաղ կյանքին»,- ասել է չինացի դիվանագետը։

Արդեն չորրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին մինչ այժմ չի հաջողվել ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում էր Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհի փակ լինելու ու գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս, ինչի հետևանքով անցել են խնայողական ռեժիմի։ Դադարեցվել է նաև այն ուսումնական այն հաստատությունների աշխատանքը, որոնք ջեռուցվում էին գազով։

Լուսանկարը՝ nationalreview.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter