HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հույս ունի, որ ամենամոտ ժամկետներում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ անձնակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի թուլացման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք ամենամոտ ժամկետներում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները և նրանց նկատմամբ սադրիչ գործողություններն անթույլատրելի են և անարդյունավետ, «որտեղից էլ որ դրանք հնչեն»։ «Ռուսական խաղաղապահ անձնակազմն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ տարածաշրջանում հանդես գալով կայունության երաշխավոր»,- ասել է Զախարովան։

Արդեն չորրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին մինչ այժմ չի հաջողվել ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում էր Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհի փակ լինելու ու գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս, ինչի հետևանքով անցել են խնայողական ռեժիմի։ Դադարեցվել է նաև այն ուսումնական այն հաստատությունների աշխատանքը, որոնք ջեռուցվում էին գազով։

Լուսանկարը՝ Frank Baulo/Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter