HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշեցի ամուսինները ստվերների թատրոն են ստեղծել

Գիշերը, երբ ձայները լռում են, երազանքը Անիին տանում է դեպի Շուշի, որտեղ նորից իրենց տանն է: Ստվերները շրջում են ծանոթ բակերով, որտեղ հիմա ձմեռ է: Իսկ երբ գիշերվա մութը տարրալուծվում է, եւ նորից բացվում է լույսը, ստվերները դառնում են գործող անձինք՝ թատերական փոքրիկ բեմում պատմելով պատմություններ:

Անին լրագրասեղանից զգուշորեն վերցնում է շագանակագույն նրբատախտակե թատրոնը, որի վրա գրված է «Փայտենիկ», ու բացում «դռները»:

Դստերը՝ Արփիին, խնդրում է հեռախոսը բերել, ապա միացնում է լույսը, դնում է ետնաբեմում:

Խնամքով վերցնում է ստվերների կերպարները, փայտիկին ամրացնում եւ հակառակ կողմից փորձում դիտել: Ամանորին ընդառաջ Սուրբ ծննդյան ներկայացման կերպարներն են:

Դրանք նորեկներ են, որոնց Անին դեռ նոր է ծանոթանում: Ապա մասնագիտական աչքով է դիտում, որ, թերեւս, կերպարները մի քիչ փոքր են ստացվել:

Անիի եւ ամուսնու՝ Նվերի ստվերների թատրոնն է, որը շուշեցի ամուսիններին հեքիաթի թեւով տանում հասցնում է հարազատ քաղաքը՝ Շուշի:

Անին Երեւանից է: Ավարտական դասարանում էր, երբ ծնողները՝ հայոց լեզվի ուսուցչուհի մայրն ու ֆիզիկայի ուսուցիչ հայրը, որոշեցին տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության, որտեղ կրկին մանկավարժական աշխատանքով էին զբաղվելու: Սկզբից Քարվաճառ էին գնացել, հետո՝ Շուշի, որտեղ էլ որոշել էին հաստատվել: Անին ընդունվել էր Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:

«Ծնողներիս որոշմամբ գնացի, բայց արագ հարմարվեցի: Հիմա երբ ինձ ասում են՝ վերադարձել ես հայրենի՞ք, էդ զգացողությունը չունեմ , որովհետեւ կյանքիս գիտակցական մասն ու կարեւոր բաներն այնտեղ եմ ապրել»,- ասում է Անին, ով իրեն շուշեցի է համարում:

Անին աշխատել է Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, Շուշիի տիկնիկային թատրնուոմ, «Նարեկացի» միության Շուշիի մասնաճյուղում: Նվերի հետ էլ ծանոթացել է տիկնիկային թատրոնում, որի հիմնադիրներից մեկն է ամուսինը: Հետագայում Անին ու Նվերը իրենց թատերախումբը ստեղծեցին, որն այսօր էլ գործում է՝ ներկայացումներ տալով Հայաստանում եւ Արցախում: Նվերը հիմա աշխատում է Սոս սարգսյանի անվան համազգային թատրոնում որպես բեմի պատասխանատու:

Շուշիում Անին ծանոթացել էր տիկնիկային թատերարվեստին ու թեեւ տիկնիկավար էր դարձել, կիսատ է թողել: «Թատրոնից Նվերին վերցրեցի ու դուրս եկա»,- կատակում է նա: Ժպտում ենք, բայց մեր ժպիտը տխուր է:

Անիի ու Նվերի պսակադրությունը, ապագայում արդեն երկու զավակների մկրտությունը Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում էր: Անին հռետորական հարցադրում է անում՝ էլ ուրիշ որտե՞ղ պիտի լիներ:

Անին, ինչպես եւ մյուս աշխատող մայրերը, երեխաների զբաղվածության խնդրի առաջ էին կանգնած: Դրա համար որոշել էին մշակութային կենտրոն բացել Շուշիում, որտեղ երեխաները ստանալու էին մշակությաին կրթություն, ու դրանով նաեւ լուծվելու էր նրանց զբաղվածության հարցը: Տեղն արդեն ընտրել էին, ամեն բան պատրաստ էր, բայց 2020-ի աշունն անկատար թողեց ամեն ինչ: Հետագայում, սակայն, մշակութային կենտրոնի ստեղծման գաղափարը պիտի ձեւափոխվեր ու կենդանություն ստանար Անիի ու Նվերի ձեռքով:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Անին առաջինն էր արթնացել տանը: Շուշիի մոտակայքում պայթյունների ձայնը հասնում էր տուն: Երբ Նվերն արթնացել էր, հասկացել էր, որ քառօրյա պատերազմի նման չէ, լայնածավալ պատերազմ է: Նվերը հրետանավոր է, մասնակցել է թե՛ քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմներին:

«Սահմանից է սկսվել պատերազմը, բայց առաջին օրվանից հասկացանք, որ լայնածավալ է, որովհետեւ քառօրյային Շուշիի մոտ բան չէր պայթել»,- ասում է Անին:

Նվերը ռազմաճակատ էր գնացել, իսկ Անին երեխաների հետ իջել էր տան նկուղ: Այդ օրը նա ու ընկերուհին որոշել էին երեխաների հետ գալ Երեւան: Անին միայն փոխնորդ հագուստ էր վերցրել երեխաներին՝ ամեն ինչ թողելնելով տանը: Ճանապարհին մտածում էին, որ նորից հետ են գնալու: Ապա վերհիշում է, որ քառօրյայի ժամանակ դուրս չէին եկել Արցախից: Երեւան եկան ու մնացին մինչ օրս: Եվ մինչեւ հիմա ապրում են վարձով տանը:

-Ի՞նչ կուզեիք վերցնել Ձեզ հետ,- հարցնում եմ նրան:

-Օյ, բարդ հարց եք տալիս։ Երեւի մամայիս գերեզմանն ու նկարը: Մի տարի էլ չկար մահացել էր, չէինք հասցրել սարքել, վերջացնել գերեզմանը: Մինչեւ հիմա հույս եմ պահում, որ իրենք մի պահ թույլ են տալու գերեզմանները․․․,- կիսատ է թողնում Անին ու լռում:

Շուշիի իրենց տունը հաճախ է հիշում: Ասում է՝ օրեր առաջ ֆեյսբուքյան «Հանուն հայկականի» էջը թերթելիս իր հայրական տան նկարով մի կավե գործ էր տեսել: Երբ տան նկարն ուղարկել էր հեղինակին՝ հարցնելով, թե արդյոք այդ տունն է, պատասխանել էր, թե որտեղից գիտի: Անին ասել էր, որ իրենց տունն է:

«Ամեն վայրկյան ենք մեր տանը: Անընդհատ համեմատությունների մեջ ենք»,- ասում է նա:

Նվերը ռազմաճակատում մնաց մինչեւ պատերազմի վերջ եւ հրադադարից ավելի ուշ վերադարձավ: Մարտակերտից սկսած եղել է ամենածանր կետերում: Մեր այցելության օրը նա աշխատանքի էր: Որոշեցինք, որ մի օր դեռ հանդիպելու ենք եւ խոսենք Շուշիի իրենց թատերախմբի մասին:

Նոյեմբերի 9-ի մասին ենք խոսում: Անին ասում է՝ բացարձակ չէր մտածում, որ այլեւս չեն վերադառնալու Շուշի: «Նույնիսկ էն ժամանակ, երբ Նվերը հետ եկավ պատերազմից, մինչեւ հիմա էլ ինձ թվում է, որ ամեն ինչ ժամանակավոր է… Եթե անգամ Արցախում էլ տուն ունենանք, վերադառնանք մշտական բնակության, միեւնույնն է՝ մտածելու եմ, որ ժամանակավոր է, եւ պիտի հետ գնամ էն տունը, որը մերն էր»,- նշում է զրուցակիցս:

Երեւանում դժվարությունների միջով են անցնում մինչեւ հիմա: Անին նկատում է, որ իրենց ձեռնարկը՝ «Փայտենիկը» եւս իրենց պես անընդհատ պայքարում է:

«Փայտենիկն» ամուսինների կողմից ստեղծված կրթական գործիք է. այն ներառում է նրբատախտակից պատրաստված ուսուցողական փազլները, որոնք ներկելու ու որպես խաղալիք օգտագործելու համար են, նաեւ՝ փայտե կերպարներով տիկնիկային թատրոնը, որ տեղավորվում է սեղանի վրա, բայց «Փայտենիկի» այցեքարտը ստվերների թատրոնն է:

Անիին բացում է տնային տիկնիկային թատրոնի «դուռը»: «Երեք խոզուկներ» հեքիաթն է: Հատկապես պատերազմից հետո, ըստ Անիի, կարեւոր է գիտակցելը միասնականության եւ աշխատասիրության գաղափարը:

«Երբ առնում-տանում են, ասում եմ՝ խնդրում եմ՝ սա խաղի չվերածեք: Այս ամենի միջոցով ցույց տվեք, որ միասնական եւ աշխատասեր պետք է լինել»,- նկատում է զրուցակիցս:

Հեքիաթներն ընտրում է Անին, կերպարներն էլ պատրաստում է Նվերը:

Զրուցակիցս որպես սոցաշխատող վերապատրաստվել ու աշխատանքի է անցել Երեւանում՝ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնում:

Իսկ Նվերը պատերազմից հետո «ռեմոնտի» գործ էր սովորում ու չէր էլ մտածում թատրոն վերադառնալու մասին: Բայց Անին ասում է՝ հետո հասկացել էին, որ թե՛ առողջապես, թե՛ ֆինանսապես վատնում են: «Մարդ ինչքա՞ն կարող է իր եսից հետ կանգնի: Ստվերների գաղափարը վաղուց ունեինք, եւ որոշեցինք, որ սկսենք պատրաստել, հատկապես որ մարդիկ ցանկանում էին այն: Մենք մաքսիմիալ լավ ու սիրով ենք անում մեր աշխատանքը: Իմ բոլոր մանկավարժական, սոցիալական գիտելիքները ներդրել եմ էս ամեն ինչի մեջ, Նվերն էլ՝ թատրոնից,- նշում է Անին, ապա ավելացնում,- շարժի մեջ է ամեն ինչ գալիս։ Այլընտրանք չունենք, պիտի պատվով ապրենք, լավ ապրենք, ստեղծագործենք, որովհետեւ սա մեր կյանքն է»:

-Անիի՞, թե՞ Նվերի ստվերներն են,- հարցնում եմ նրան:

-Էնքան լավ հարց եք տալիս։ Միասնական է էդ ամենը, Նվերը ստվերները պատրաստում է շատ նրբանկատորեն ամեն շարժի հանդեպ: Նկարիչը, որ նկարում է, Նվերը դետալ առ դետալ իր մասնագիտական ուղով անցկացնում է, բայց առանց ինձ չի կարող վաճառել: Հեքիաթները ես եմ ընտրում, որովհետեւ տեղյակ եմ կրթական ոլորտից: Այսինքն՝ ո՛չ առանց ինձ, ո՛չ առանց իրեն չի կարող լինել:

«Փայտենիկի» կայացմանը օգնում են նաեւ երեխաները, սակայն նրանց չեն ծանրաբեռնում: Խաղալիքների ներկերի գույները ստանում է որդին՝ 12-ամյա Գրիգորը: Վերջինս էլ է պատրաստում խաղալիքներ, ինչում նրան օգնում է քույրը՝ 7-ամյա Արփին:

Անին հուսով է, որ մի օր «Փայտենիկը» լուրջ բիզնես կդառնա: Այս գործում ներգրավված են Արցախից տեղահանված մարդիկ: «Փայտենիկի» դետալները մտածված են երեխաների համար: Ներկերը սննդային են, նրբատախտակից պատրաստված կերպարները՝ լավ հղկված: «Նրբատախտակից ֆիգուրներն այնքան լավ ենք մշակում, որ հանկարծ չվնասեն: Արփիով ենք չափում, եթե Արփիի մատները վնասի, չեն անի ուրիշների համար»,- նշում է «Փայտենիկի» հիմնադիրը:

2020 թ. պատերազմը Անիի երազանքների միջով անցավ՝ բաժանելով դրանք անցյալի ու ներկայի: Մինչեւ պատերազմը, ասում է, ավելի ուրախ երազանքներ ուներ: «Հիմա էլ ասում եմ, որ մարդիկ էնպես ապրեն, որ իրենց երազանքներն ուրախ լինեն, կյանք լինի իրենց երազանքների մեջ»,- նշում է նա:

-Հիմա ինչի՞ մասին եք երազում:

-Հիմա իմ երազանքը Շուշի վերադառնալն ու մամայիս գերեզմանին այցելելն է: Երբ 2020-ից հետո ասում են՝ առողջ եք, առողջ կլինենք, բժշկի կգնանք, ես էլ ունեմ առողջական խնդիրներ, բայց դա երկրորդական է: Հիմա իմ երազանքը հայրենիքիս վերադարձն է, որ մի օր պիտի գնամ Արցախ, Շուշի: Իրականում մի քիչ տխուր երազանք է, որովհետեւ չգիտեմ՝ կլինի՞, թե՞ չէ,- պատասխանում է Անին:

Քիչ անց շարունակում է, որ երազանքն ու կյանքի ռազմավարությունը տարբեր են: Տուն ունենալը նպատակ է, բայց ոչ երազանք: Ավելացնում է՝ հայրենիքի վերադարձն ավելի կարեւոր է, քան սեփական տուն ունենալը:

Նախասրահի պատին փայտյա ժամացույցի տակ կախված է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նկարը:

Լուսանկարի ներքեւում դրված մեծ սեղանի թափանցիկ մոմլաթի տակ Արեւմտյան Հայաստանի քարտեզն է՝ քաղաքներով: Անիի պապն է փորագրել՝ այն ժամանակ անգամ չմտածելով, որ տարիներ հետո կորցնելու ենք հայրենիքի եւս մի մասը, ու իր թոռան համար այնտեղ գնալը դառնալու է երազանք: Սենյակում մի պահ լռություն է, եւ լսվում է ժամացույցի տկտկոցը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter