HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժքույրը դատարանի վճռից հետո էլ չի կարողանում վերականգնվել աշխատանքում

2021 թվականի հունիսի 24-ին բուժքույր Արևհատ Հարությունյանին հայտնել են, որ ազատվել է աշխատանքից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, և բժշկական կենտրոնում կորոնավիրուսի համավարակի տարածման ժամանակ դիմակ չկրելու համար։

Արևհատ Հարությունյանը 30 տարի աշխատել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Նա դիմել է դատարան՝ իր իրավունքը վերականգնելու համար: Դատարանը բավարարել է հայցը, սակայն նա մինչ օրս չի կարողանում աշխատել։  

Արևհատ Հարությունյանը մեր խմբագրություն էր դիմել, երբ աշխատանքը կորցնելու պատճառով հայտնվել էր ծանր սոցիալական վիճակում։ Դեկտեմբեր ամսին նա տունը չի ջեռուցում, քանի որ կոմունալ ծախսերը վճարելու համար գումար չունի։ 2021 թվականից գործազուրկ է, աշխատանքի անցնելու համար դիմել է տարբեր կլինիկաներ, բայց բոլոր տեղերում, երբ իմացել են, որ աշխատանքից հեռացված է, չեն ընդունել։

«Զանգահարում են Ուռուցքաբանական, հարցնում են, դե իրենք էլ ասում են, որ հեռացված եմ, ու հեռացված աշխատողի ոչ մի տեղ չեն ուզում գործի ընդունել, իսկ ես պետք է աշխատեմ, որ կարողանամ ինձ պահել»,-պատմում է Արևհատը։ Նա պետությունից ոչ մի աջակցություն, նպաստ չի ստանում, թոշակառու չէ, հետևաբար, միակ ապրուստի միջոցն աշխատավարձն էր։

Ըստ բուժքրոջ՝ 2018-ին նշանակված տնօրենը՝ Նարեկ Մանուկյանը, շատ աշխատակիցների է անհիմն պատճառաբանություններով ազատել աշխատանքից։

Արևհատ Հարությունյանը դատական կարգով վերականգնել էր աշխատելու իր իրավունքը, բայց դրա մասին նրան հիվանդանոցը չէր ծանուցել։ Վերջինս, տեղյակ չլինելով, որ կարող է անցնել աշխատանքի, չի գնացել ու չներկայանալու պատճառով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը լուծել է Արևհատ Հարությունյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։

Բուժքույրը նախկին աշխատանքին վերականգնվել էր 2022 թվականի փետրվարի 22-ին կայացած վճռով, բայց դրա մասին չի ծանուցվել։

Արևհատը բազմիցս գնացել է բժշկական կենտրոն, փորձել խոսել ղեկավարության հետ, բայց, իր խոսքով, նրան շատ կոպիտ են վերաբերվել ու անվտանգության աշխատակիցների միջնորդությամբ դուրս են հանել այնտեղից։

Արևհատ Հարությունյանը դիմել է մի շարք կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կառավարություն, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին․ բոլոր կառույցները հայտնել են, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում է։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը գրություն է ուղարկել Ուռուցքաբանության ազգային կենտրոն և կարգադրել չեղյալ համարել Արևհատ Հարությունյանին աշխատանքից ազատելու որոշումը, բժշկական կենտրոնը սակայն կարգադրագիրը բողոքարկել է։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի իրավաբան Էմանուել Անանյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Արևհատ Հարությունյանը չի ներկայացել աշխատանքի և բաց է թողել աշխատանքի վերականգնվելու իր հնարավորությունը, կենտրոնն էլ լուծել է նրա հետ ունեցած պայմանագիրը։ Ըստ իրավաբանի՝ օրենսդրությամբ չկա որևէ կետ, որով Արևհատ Հարությունյանին պետք է ծանուցվեր աշխատանքի վերականգնվելու մասին։

Էմանուել Անանյանը ասաց նաև, որ Արևհատը լավ չի կատարել բուժքրոջ իր պարտականությունները, աշխատավայրում կոլեգաները նրանից դժգոհ են եղել, իսկ հիվանդներին պատշաճ բուժօգնություն չի մատուցել։

Մենք զրուցել ենք Արևահատ Հարությունյանի գործընկերների հետ: Բոլորը դրական գնահատական էին տալիս, խոսում բուժքրոջ պարտաճանաչ լինելու մասին, նրանց անունները հատուկ չենք հրապարակում, որ չթիրախավորենք:

Արևհատ Հարությունյանն ասում է, որ շատ է սիրում իր աշխատանքը, այն կորցնելուց հետո հայտնվել է վատ վիճակում, զարմանում է, որ իրեն մեղադրում են անպարտաճանաչության և վատ աշխատելու մեջ։

«Շատ եմ սիրել իմ գործը, իմ հիվանդներին, չեմ մտածել, որ մի օր անգործ կմնամ, մեր կենտրոնում բուժում ստացողները երկար ճանապարհ են անցնում, մենք էդ ճանապարհը միասին ենք անցնում, բոլորի ցավով ապրում էի, բոլորի մասին մտածում էի, շատերի հետ նաև հիվանդանոցից դուրս եմ մտերմություն արել, քանի որ ժամանակի ընթացքւմ հարազատ են դարձել»,- պատմում է Արևհատը։

Աշխատանքից ազատվելու մասին չգիտեն նաև Արևհատի հարազատները, չի ուզում նրանց անհանգստացնել, բոլորին մինչև հիմա դեռ ասում է, թե աշխատանքի է գնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter