HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները կանանց արգելել են համալսարաններում սովորել

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ աֆղան կանանց այսուհետ արգելվում է սովորել համալսարաններում։ BBC-ն, հղում անելով Աֆղանստանի կրթության նախարարությանը, գրում է, որ համալսարաններում կանանց ուսման արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես և անժամկետ։ Աֆղանստանում կանանց հետևողականորեն զրկում են կրթություն ստանալու հնարավորությունից։

Նախորդ տարի թալիբները աղջիկներին արգելել էին հաճախել միջնակարգ դպրոցներ։ Այս տարվա մարտին էլ շարժումը քննադատության էր ենթարկվել օտարերկրյա կառավարությունների կողմից այն բանից հետո, երբ թալիբները, ազդակներ տալով այն մասին, որ աղջիկների համար դպրոցները շուտով կարող են բացվել, արդյունքում այդպես էլ փակ մնացին։

Աֆղանական համալսարաններ ընդունելության քննությունները տեղի են ունեցել երեք ամիս անց։ Ընդունվածների շարքում կային հազարավոր երիտասարդ աղջիկներ։ Սակայն խիստ սահմանափակումներ էին դրվել այն մասնագիտացումների վրա, որտեղ կարող էին սովորել աղջիկները։ Այսպես, աղջիկները չէին կարող սովորել անասնաբուժության, ինժեներիայի, տնտեսագիտության և գյուղատնտեսության բաժիններում, իսկ լրագրության նկատմամբ սահմանվել էին լուրջ սահմանափակումներ։

Այն բանից հետո, երբ թալիբներն Աֆղանստանում եկան իշխանության, համալսարաններում դարձյալ կանայք և տղամարդիկ սովորում են առանձին մասնաշենքերում։ Կանանց կարող էին կրթել միայն կանայք կամ որոշակի տարիքը լրացած տղամարդիկ։ Նոյեմբերին Քաբուլի բնակչուհիներին արգելվել էր նաև մուտք գործել քաղաքային այգիներ։

Թալիբները կարծում են, որ նման գործողությունները խախտում են շարիաթի նորմերը։ Այդ ժամանակ Քաբուլում կանանց արգելվեց նաև լողավազաններ և մարզասրահներ գնալը։ Ակնկալվում էր, որ այդ պահանջը կտարածվի նաև ողջ երկրի վրա։

Դեռ այս տարվա սկզբին Քաբուլի բնակչուհիները բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով վերադարձնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, սակայն այդ ակցիան ցրվել էր։

Մի քանի շաբաթ առաջ Աֆղանստանում ձերբակալվել էին կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ Զարիֆա Յաղուբին և ևս երեք անձ։ Չնայած ՄԱԿ-ի և մյուս կազմակերպությունների կողմից նրանց ազատ արձակման կոչերին, թալիբները որևէ կերպ չէին արձագանքել դրան։ Նախորդ շաբաթ էլ 12 մարդ, ներառյալ 3 կին, մարզադաշտերից մեկում, հազարավոր հանդիսականների առաջ, ենթարկվել էին հրապարակային մտրակման։

Լուսանկարը՝ Lynsey Addario/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter