HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուն հայտարարել է Իսրայելում կառավարության ձևավորման մասին. այն երկրի պատմության ամենաաջ կառավարությունն է

Իսրայելում վարչապետի պաշտոնն ստանձնող Բենյամին Նեթանյահուն, նախագահ Իցհակ Հերցոգի կողմից կառավարության ձևավորման սահմանված վերջնաժամկետը լրանալուց մի քանի րոպե առաջ, հայտարարել է այդ երկրում նախարարների կաբինետի ձևավորման մասին։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ 

«Շնորհիվ հանրային մեծ աջակցության, որը մենք ստացել ենք վերջին ընտրությունների ժամանակ, ես կարողացա ստեղծել կառավարություն, որը կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նեթանյահուն։

Պարբերականի տվյալներով՝ նոր կառավարության կազմում կներառվեն մի շարք կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչներ, որոնց թվում են «Լիկուդը», «Կրոնական սիոնիզմը», «ՇԱՍ-ը», «Յահադուտ հա-Թորան», «Օցմա Եհուդիտը» և «Նոամը»։ Ինչպես գրում է BBC-ն, նոր կառավարությունը կդառնա Իսրայելի պատմության ամենաաջ կառավարությունը։

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ կկայանա Իսրայելի խորհրդարանի նիստը, որտեղ կհայտարարվեն նոր կառավարության աշխատանքի հիմնական սկզբունքները և կնշվի նախարարների կաբինետի կազմը։ Դրանից հետո պետք է կայանա քվեարկություն և եթե խորհրդարանը հաստատի նոր կառավարության կազմը, ապա նրանք պաշտոնապես կանցնեն աշխատանքի։

«Լիկուդի» առաջնորդ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը գլխավորել է ավելի քան 15 տարի։ Վարչապետի պաշտոնից նա հեռացել էր 2021 թվականին։ 2022 թվականի նոյեմբերի սկզբին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր Նեթանյահուի գլխավորած ուժը։

Ապագա վարչապետը պետք է նոր կառավարություն ձևավորեր մինչև դեկտեմբերի 11-ը, սակայն, երբ նա չէր տեղավորվել այդ ժամանակահատվածում, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Նեթանյահուին լրացուցիչ 10 օր էր տվել։ Իսրայելական օրենսդրության համաձայն՝ եթե սահմանված ժամկետում չի հաջողվում ձևավորել կառավարություն, ապա նախագահը կարող է այդ խնդիրը հանձնարարել մեկ այլ թեկնածուի, ինչպես դա տեղի էր ունեցել 2021 թվականին, երբ վարչապետ նշանակվեց Նաֆթալի Բենեթը։ Վերջինիս, ավելի ուշ, փոխարինեց իր կաբինետում արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Յաիր Լապիդը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter