HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Միջանցքի փակվելու պատճառով ընտանիքս կիսվել է, հայրս մնացել է Լիսագորի ճանապարհին». Կարմիր Շուկայի բնակիչ

Միլենա Գրիգորյանը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից է։ Սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջին կուրսում։ (Պատերազմից հետո Շուշիի տեխնոլոգիական համալսարանը տեղափոխել է Ստեփանակերտ):

Միլենայի հայրը՝ Մհեր Գրիգորյանը, վարորդ է, դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, նա մնացել է Լիսագորի ճանապարհին։

Մ. Գրիգորյանն ընկերոջ հետ Հայաստան էր եկել՝ Կարմի Շուկայում գտնվող նրա խանութի համար սնունդ գնելու, սակայն 100-ավոր քաղաքացիների պես մնացել է ճանապարհին։

Միլենան ասում է, որ վերապրում են 44-օրյա պատերազմի բաժանումը, երբ ընտանիքը նույնպես կիսվել էր. 

«Ցույց ենք տալիս, որ լավ ենք, բայց դե, ո՞նց կարող ենք լավ լինել, եթե մեր հայրը էնտեղ կանգնած է, ու նույնիսկ չգիտենք՝ ինչ վիճակում է։ Ճիշտ է, խոսում ենք, ասում է, որ լավ է, բայց, մեկ է, անհանգիստ ենք,-ասում է Միլենան։- Ես սովոր եմ, որ պետք է տուն մտնեմ, պապայիս ձայնը լսեմ, ամսի 12-ից չեմ տեսել։ Փոքր քույրս է շատ կարոտում հորս, մեր ընտանիքը շատ ընտանիքների պես ճանապարհը փակվելու պատճառով կիսվել է։ Նման բան մեկ էլ եղել է պատերազմի օրերին, երբ հայրս Արցախում էր, իսկ մենք Արարատում՝ տատիկիս տանը»։

Կարմիր Շուկայում պատերազմից հետո շատ հաճախ են կրակոցներ լսվում, բայց բնակիչներն արդեն սովորել են դրան։

Գյուղում հացի փուռ կա, որը սովորականի պես աշխատում է, գյուղացիները հացի պակաս չունեն։ Բայց մթերային խանութների դարակներն արդեն դատարկվում են, մանկական տակդիրներ ու սնունդ չկա, որոշ դեղատաներում էլ սպառվել են առաջին անհրաժեշտության դեղերը։

Ըստ Միլենայի՝ Ստեփանակերտում ամեն ինչ ավելի բարդ է, բանջարեղեն խանութներում գրեթե չի մնացել, դեղերը սպառվել են։

«Հիմա ես Ստեփանակերտում մեր ազգականի տանն եմ ապրում։ Գյուղ գնում եմ ուրբաթ օրը, վերադառնում Ստեփանակերտ՝ երկուշաբթի։ Ստեփանակերտի վիճակն ավելի ծանր է. երբ գազաֆիկացումը դադարեցվել էր, չէինք գնում դասի, ու նաև չէի կարողանում գյուղ վերադառնալ՝ մորս ու քույրերիս մոտ, տրանսպորտը շատ քիչ էր աշխատում»,-պատմում է Միլենան։

Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է՝ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Նշենք նաև, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք,  որից հետո ցուցարարները քայլերթով շարժվել են  դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ` պահանջելու, որ ռուս խաղաղապահները բացեն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը:

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնել է, որ վաղը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք:

 

Լուսանկարները՝ Միլենա Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter