HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տան արժեքից 2,5 անգամ թանկ վերանորոգում. Սոցապի գնած տների ոդիսականը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3 անգամ ավելի շատ գումար է ծախսում տարեցների խնամքի կենտրոններին որպես այլընտրանք գնած տների վերանորոգման համար, քան այդ տների արժեքն է: Սա պետական գումարների ոչ արդյունավետ ծախսման վառ օրինակ է:

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում էր ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:

Նախարարությունը գնել է միայն երեք տուն` Արմավիրի մարզի Ակնաշեն, Մրգաստան և Գեղակերտ գյուղերում, սակայն գնված տներից ոչ մեկը բնակության համար պիտանի չէ և մինչ օրս բնակեցված չէ: Տներն ունեն հիմնանորոգման կարիք: Այժմ Կառավարությունը տան գնից երկու անգամից ավելի գումար է ծախսում այդ տները բնակության համար պիտանի դարձնելու նպատակով:

Նախարարության աշատակիցների հետ այցելում ենք գնված տներ` տեսնելու, թե ինչ վիճակում են ներսից: Առաջինն այցելեցինք Մրգաստան գյուղի տուն: Նախարարության աշխատակիցը բացում է սեփական տան դարպասը և կատակով ասում` «չենք վախենում»: Պատկերն իրոք վախենալու էր:

Պատկերն այնպիսին էր, որ այնտեղ վաղուց ոչ ոք ոտք չի դրվել: Առաջին հարկն ամբողջությամբ ավերակ էր: Խոնավությունից թափվել էր գաջը, վնասված էին բակի բետոնապատ հատվածները: Իսկ չբնակեցման հետևանքով անտերության մատնված տան երկրորդ հարկի ապակիների մի մասը կոտրվել էր` քամու կամ այլ պատճառներով: Տունը կապիտալ վերանորոգման կարիք ուներ:

Հարևանները զարմանքով էին արձագանքում` լսելով տան գնման և վերանորոգման արժեքի մասին: Պետական բյուջեից 94 մլն դրամ կամ այսօրվա փոխարժեքով 239 հազար ԱՄՆ դոլար է ծախսվելու:  Գյուղացիները նշում էին, որ այդ գումարով գյուղում կարող էին նմանատիպ 3 տուն գնել:

Այնուհետև այցելեցինք Ակնաշենի առանձնատուն: Նախորդի համեմատ բարվոք վիճակում էր, սակայն խնամքի կարիք ունեցող տարեցների համար պիտանի չէր բնակության համար: Առավել վատ վիճակում էին գտնվում առաջին հարկի սենյակներն ու բակային տարածքը: Այս տան գնման և ապագայում վերանորոգման արժեքը կազմում է մոտ 90 մլն դրամ կամ 228 հազ. ԱՄՆ դոլար:

Հարևանները նախարարության աշխատակիցների ներկայությամբ հայտարարեցին, որ փողոցում լուրջ է ոռոգման և խմելու ջրի հարցը: Հողամասը ոռոգելու համար պետք է արտեզյան հոր հորատվի, իսկ խմելու ջուր ստանալու համար փողոցի սկզբնամասում պոմպ են տեղադրել, որ կարողանան օգտվել: Տներում ևս լրացուցիչ պոմպեր են տեղադրված:

Սա այն դեպքում, երբ տարեցների բնակության համար մարզերում սեփական տուն գնելու հանգամանքը նախարարությունը պայմանավորում է նաև զբաղվածության հարցի լուծմամբ` հողի հետ աշխատանքով: Փաստացի ստացվում է, որ պետությունը Ակնաշենում հողի համար վճարել է, սակայն այն իր նպատակին չի ծառայելու կամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պետք լինելու արտեզյան հոր հորատելու և ոռոգում կազմակերպելու համար:

Կառավարությունը 2021թ. հոկտեմբերի 21-ին որոշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 3 մլն 600 հազար դրամ հատկացնել` Ակնաշեն և Մրգաստան համայնքներում գնված փոքր տների վերանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով։

Կազմվել է նախահաշիվ, որից հետո նշված տների վերանորոգման նպատակով պայմանագիր է կնքվել «Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս ավելի նվազ գնային առաջարկ է ներկայացրել, քան մրցակից «Գազ Լենդ Գրուպ» ՍՊԸ-ն:

Ըստ պայմանագրի` Ակնաշեն գյուղում գտնվող տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպման նպատակով գնված երկհարկանի տան վերանորոգման գումարը 63 մլն 331 հազար դրամ է, իսկ Մրգաստանի տան վերանորոգումը կարժենա մոտ 67 մլն դրամ: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի ֆինանսական միջոցներ նախատեսելուց և համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո։ Նախատեսվում է, որ այդ դրանք կհատկացվեն արդեն 2023թ․-ին:

«Հետք»-ը 2020թ. ուսումնասիրել է Սոցապի գնած տների պատմությունը: Մեր հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել նախարարության երեք աշխատակցի և տների առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրենի դեմ:

Մասնավորապես` նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի արդեն նախկին պետը և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքին օժանդակելու (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 38-314-րդ հոդված), նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը` պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքի համար (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 314-րդ հոդված):

Խոշոր չափի խարդախության և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրենին և բաժնետեր Պավել Թադևոսյանին:

Առանձնատները պետք է գտնվեին Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ և առնվազն 300 քմ տնամերձ հողատարածք: Պահանջ էր դրված, որ առանձնատունն ունենա առնվազն 2 սանհանգույց և պիտանի լինի բնակության համար։ Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ:

Ծրագրի պատվիրատուն եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Լեքսհաբ» ՍՊԸ-ն դիմել էր Արմավիրի մարզում գտնվող փոքր տների գնման մրցույթին: Արդյունքում 19.12.2019թ. ընկերության և նախարարության միջև կնքվել էր Ակնաշեն և Մրգաստան գյուղերում գտնվող տների գման պայմանագիր:

Թեև գնված տները պետք է պիտանի լինեին բնակության համար, սակայն պարզել էինք, որ դրանք անմխիթար վիճակում էին՝ հին, փայտե պատուհաններով, տեղ-տեղ՝ առանց ապակիների, պատված պոլիէթիլենային տոպրակներով: Տանիքներն արդեն վնասված էին, մասամբ՝ կոտրված, իրարից հեռացած։ Ավելին, սանհանգույցների մի մասը ուղղակի թղթի վրա «նկարված» են եղել և իրականում գոյություն չեն ունեցել:

Մրգաստանում գտնվող տունը գնվել է 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից, իսկ Ակնաշենի տունը` 50 հազար դրամ պակաս` 26 մլն 950 հազ. դրամով:

Գեղակերտ համայնքում գտնվող առանձնատան գնման պայմանագիրը կնքվել է Աննա Երիցյանի հետ, քանի որ նա է առաջարկել ամենացածր գինը՝ 15 մլն 974 հազար դրամ: Գեղակերտի տան վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2022թ. մարտի 21-ին` 44 մլն 280 հազ. դրամ արժեքով: Նշված գումարից 27 մլն դրամը հատկացրել է «Ավոնդգլանս» հիմնադրամը, մնացած գումարը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այժմ Գեղակերտի տանը ակտիվ շինաշխատանքներ են ընթանում:

Նշենք, որ տներում կարող են ապրել տվյալ համայնքում կամ հարևան համայնքներում բնակվող, ինչպես նաև տուն-ինտերնատներում խնամվող՝ տվյալ տարածաշրջանի նախկին բնակիչները, կացարանի ու խնամքի կարիք ունեցող այն տարեցները, որոնք ունեն նաև ընտանեկան ջերմության, շփման, հասակակիցների հետ հաղորդակցման, նախընտրելի զբաղմունքն ունենալու, համայնքի կյանքին մասնակցելու կարիք և այլն:

Թե երբ այդ տները կծառայեն ըստ նպատակի` դեռ պարզ չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում կարևորեց համայնքում անկախ ապրելու իրավունքի իրացումը: Նշեց, որ հենց այդ փիլիսոփայությունը մտքում ունենալով է նախարարությունը ձեռք բերել տները: Գնված տներում ծերերի համար փոքր ծավալի են ծառայությունները մատուցվելու, սակայն այստեղ շեշտը դրվելու է անկախ, ինքնուրույն ապրելու իրավունքի վրա:  Ֆինանսական ամբողջ բեռն իր վրա վերցնելու է նախարարությունը:

Քրիստինա Հովհաննիսյանի համար էլ դեռ հստակ չէ, թե ի վերջո երբ են տները շահագործվելու:

«Բնականաբար նախատեսվում է փոքր տները գործարկել: Նորություն ասած չեմ լինի, որ որոշ խնդիրներ կան տների ձեռքբերման ընթացակարգերի հետ կապված»,- հայտարարեց վարչության պետը` հավելելով, որ հարցն իրավապահ մարմինների դաշտ տեղափոխվելով՝ ընթացքում շահագործման խոչընդոտներ առաջացել է: Սակայն, որոշ քննարկումներից հետո, որոշվել է գործընթացն առաջ տանել` այնուամենայնիվ գնումն իրականացվել է:

Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետն ասաց, որ մարզերում տների գնման նպատակը եղել է ապակենտրոնացումը, քանի որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում: Նախարարության պաշտոնյան նշեց, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ հարմարեցման, հողի մշակման հնարավորություններն անպայման հաշվի կառնվեն:

Քրիստինա Հովհաննիսյանը հույս ունի, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կկարողանան ծառայությունները մատուցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter