HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարեցների համար սոցապի գնած տների գործով մեղադրանք է առաջադրվել դատավորի որդուն

Խոշոր չափի խարդախության և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն և բաժնետեր Պավել Թադևոսյանի նկատմամբ: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Պ. Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է:

Քրեական գործը հարուցվել է «Հետքի»` 2020թ. հոդվածի հիման վրա` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Հիշեցնենք, 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում էր ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար: Ծրագրի պատվիրատուն եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Առանձնատները պետք է գտնվեին Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ և առնվազն 300 քմ տնամերձ հողատարածք: Առանձնատունը պետք է ունենա առնվազն 2 սանհանգույց և պիտանի լինեին բնակության համար։

Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ, իսկ բնակարանների համար՝ 15 մլն:

Հայտեր էին ստացվել միայն փոքր տների ձեռքբերման համար՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի, «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի և «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ի կողմից:

«Լեքսհաբ» ՍՊԸ-ն դիմել էր Արմավիրի մարզում գտնվող փոքր տների գնման մրցույթին: Արդյունքում 19.12.2019թ. պայմանագիր է կնքվել միայն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ: Մյուս երկու ընտրված մասնակիցներն ընթացքում փաստաթղթերի հետ կապված դժվարություններ են ունեցել և դուրս մնացել գործընթացից:

Ուշագրավն այն է, որ «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Պավել Թադևոսյանի մորեղբոր որդին է:

Թեև գնված տները պետք է պիտանի լինեին բնակության համար, սակայն պարզել էինք, որ Պավել Թադևոսյանի առաջարկած տները եղել են ամենաանմխիթար վիճակում՝ հին, փայտե պատուհաններով, տեղ-տեղ՝ առանց ապակիների, պատված պոլիէթիլենային տոպրակներով: Տանիքներն արդեն վնասված էին, տեղ-տեղ կոտրված, իրարից հեռացած։

Հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Տարեցների համար ձեռքբերված փոքր տների գործով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեք պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի: Նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի արդեն նախկին պետը և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքին օժանդակելու (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 38-314-րդ հոդված), նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքի համար (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 314-րդ հոդված):

Նախարարության նախկին պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Պավել Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել նոր` 2021թ. մայիսին ընդունված քրեական օրենսգրքով:

Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրյալի կարգավիճակում հայտնված Պավել Թադևոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նշենք, որ Պավել Թադևոսյանը ևս դատավոր դառնալու ճանապարհին էր: Նա ընդգրկված էր վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման բաժնում` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար:

Դատավորի թեկնածու Պավել Թադևոսյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել: Դրա հիմքով առարկություն էր ներկայացրել նաև Հանրապետության նախագահը, ինչի հետևանքով Թադևոսյանը հանվել է ցուցակից: Մեր տեղեկություններով Պավել Թադևոսյանը թեկնածուների ցուցակից հանվել է վերը նշված  հոդվածի պատճառով:

Պավել Թադևոսյանը վարչական դատարանում վիճարկում էր Հանձնաժողովի եզրակացությունը, սակայն դատարանը դիմումը վարույթ չի ընդունել: Այնուհետև հայցադիմումներ է ներկայացրել դատական դեպարտամենտի և բարձրագույն դատական խորհրդի դեմ` պահանջելով չընդունել նախագահի առարկությունները և այդ մասին իրազեկել վերջինին, ինչպես նաև ձեռնպահ մնալ դատավորների թեկնածուների ցուցակը թեկնածուներով համալրելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter