HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ՍԱՍ»-ի Արտակի մասին «Հետքի» նյութի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է. մեղադրյալներ չկան

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «ՍԱՍ»-ի Արտակ անունով հայտնի Արտակ Սարգսյանի վերաբերյալ «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Արտակ Սարգսյանի եւ նրա որոշ բիզնեսների մասին՝ հիմնվելով ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերի» վրա:

Պարզել էինք, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։

Մեր հրապարակումը գլխավոր դատախազությունն ուղարկել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2022 թ. մայիսի 15-ին ՀԿԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել նախկին (2003-2021 թթ.) Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այժմ էլ քրեական վարույթը շարունակվում է այս նույն հոդվածի հատկանիշներով: Բանն այն է, որ Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերը, որոնցում չի հայտարարագրել վերոնշյալ տվյալները, ներկայացրել է նախկին Քր.օր.-ի գործելու տարիներին:

Նախկին ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ներկայում չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter