HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում։ Ինչքանով ես գիտեմ, դեսպանն անհամբերությամբ սպասում է, որ անցնի Մոսկվայում իր պարտականություններին։ Նա նախկինում աշխատել է Մոսկվայում առաքելության ղեկավարի տեղակալ։ Դա այն մարդն է, որը գիտի երկկողմ հարաբերությունները, հավանաբար, ամենալավը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականություններին, քանի որ կարևոր է ունենալ դեսպաններ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը ուրիշ երկրներում։ Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի պարագայում, որտեղ մենք պահպանում ենք կապի ալիքներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Փրայսը նաև կարևորել է Ռուսաստանի հետ նման կապի ալիքների պահպանումը, հատկապես լարվածության ժամանակ։ 

Ավելի վաղ, ռուսական TACC գործակալությունն ԱՄՆ պետքարտուղարությունից փորձել էր ճշտել, թե կոնկրետ երբ Թրեյսին կժամանի Ռուսաստան, սակայն պատասխան չէր ստացել։

ԱՄՆ Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Լին Թրեյսիին հաստատել էր Ռուսաստանում ամերիկյան դեսպանության ղեկավարի պաշտոնին։ Թրեյսին դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Նա կադրային դիվանագետ է։ Մինչև վերջերս զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Նոյեմբերի վերջին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա հայտարարել էր, որ համաձայն է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականության հետ և աջակցում է հակառուսական սահմանափակումների հետագա խստացմանը։ Թրեյսին նշել էր, որ իր համար առաջնայինը կլինի Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ամերիկացիների ազատ արձակումը։

Նույն լսումների ժամանակ Թրեյսին նաև հայտարարել էր, որ Հայաստանը գոհ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակից։ Բացի այդ, նա հավելել էր, որ իր տեսած ամենաահավոր կադրերից մեկն ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գնդակահարության կադրերն են։ 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն էլ կզբաղեցնի Քրիստինա Քվինը, որը մինչ այդ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար էր։

Լուսանկարը՝ AFP/Scanpix

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter