
Երթ Մարսելում եւ Փարիզում՝ ընդդեմ Արցախի շրջափակման
Հունվարի 15-ին՝ կիրակի օրը, Ֆրանսիայի Մարսել քաղաքում համերաշխության երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի, որին մասնակցել է 300 մարդ՝ ըստ «Նուվել դ’Աղմենի» պարբերականի։
Խաղաղ երթը մեկնարկել է Միսաք Մանուշյանի անվան հրապարակից եւ ավարտվել Պրադոյի հայկական տաճարի մոտ՝ անցնելով նաեւ Թուրքիայի հյուպատոսության մոտով։
Երթը գլխավորած Պասկալ Շամասյանը եւ Ժերար Գրիգորյանը, որոնք «Վազել՝ հանուն հիշողության» ասոցիացիայի հիմնադիրներն են, ամբողջ քայլերթի ընթացքում դատապարտել են Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից։
7կմ-անոց ճանապարհի ընթացքում նրանք ներկաներին տեղեկացրել են տարածաշրջանում տագնապալի իրավիճակի մասին եւ կոչ արել միջազգային հանրությանը՝ գործելու Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։
Լաչինի միջանցքի շրջափակման դեմ նմանատիպ հավաք տեղի կունենա նաեւ Փարիզում՝ հունվարի 17-ին, ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը։
Մեկնաբանել