HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նորանշանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը 6 միավոր անշարժ գույք է հայտարարագրել Արարատի մարզում

Ներքին գործերի նախարարության կազմավորումից հետո արդեն նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանրապետության նախագահի հրամանագրով՝ նշանակվեց ներքին գործերի նախարար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը վարչապետի որոշմամբ՝ 2023թ․ հունվարի 9-ին նշանակվեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։

Այսօր կներկայացնենք, թե ինչ գույք և եկամուտներ է հայտարարագրել նորանշանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում։

Հովհաննիսյանը հայտարարագրել է 6 միավոր անշարժ գույք Արարատի մարզում (նա ծնունդով Արտաշատ քաղաքից է)․

  • անհատական բնակելի տուն Արտաշատում, որը որպես ժառանգություն ստացել է 2011 թվականին,
  • բազմամյա տնկիների այգի Արտաշատում, որը կրկին ժառանգություն է ստացել 2016 թվականին,
  • այգետնակ՝ ամառանոցային շինություն Լանջազատ գյուղում, որը նվիրատվություն է ստացել 2015 թվականին,
  • այգետնակ Լանջազատում, որը գնել է 2011 թվականին,
  • կրկին այգետնակ՝ Լանջազատում՝ գնված 2011 թվականին,
  • հասարակական նշանակության շինություն Արտաշատում, որը Արամ Հովհաննիսյանին է պատկանում 2004 թվականից, սակայն հայտարարագրում նշված չէ այդ անշարժ գույքի ձեռքբերման եղանակը։

2021 թվականի ընթացքում Արամ Հովհաննիսյանը 4,7 միլիոն դրամ փոխառություն է հանձնել «Սկայ Բլինդինգ» ՍՊԸ-ին՝ 12,87% տոկոսադրույքով։ Ի դեպ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։ Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։

Որպես դրամական միջոց՝ Արամ Հովհաննիսյանը հայտարարագրել է 16 միլիոն դրամ կանխիկ գումար։ Իսկ որպես եկամուտ՝ 15 միլիոն դրամ աշխատավարձ և 42 միլիոն դրամ փոխառություն «Արդշինբանկից»՝ եկամտահարկի վերադարձով բնակարանի գնման նպատակով։

Ոստիկանապետի կնոջ և որդիների հայտարարագրերը

Արամ Հովհաննիսյանի հետ համատեղ բնակվում են նաև կինն ու երեք որդիները։ Կինը՝ Լիլիթ Թովմասյանը, հայտարարագրել է Mazda մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2020 թվականին, և այն նույն 42 միլիոն դրամ հիփոթեքը, որը նշված է նաև որդիների հայտարարագրերում, այսինքն՝ ընտանիքի անդամները դարձել են համավարկառու։ Այլ գույք և դրամական միջոցներ Լիլիթ Թովմասյանը չի հայտարարագրել։

Արամ Հովհաննիսյանի ավագ որդին՝ Կառլեն Հովհաննիսյանը, նույնպես աշխատում է ոստիկանությունում։ Այդ մասին պարզ է դառնում նրա հայտարարագրից, որտեղ նա որպես եկամուտ՝ նշել է մոտ 5 միլիոն դրամ աշխատանքի վարձատրություն ոստիկանությունից։

Կառլեն Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև մեկ հողամաս Կոտայքի մազի Մեղրաձոր գյուղում։ Ոստիկանապետի ավագ որդին որպես տրանսպորտային միջոց՝ հայտարարագրել է BMW և Mercedes Benz մակնիշի մեքենաներ և IZH մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ 2021-ի ընթացքում Կառլեն Հովհաննիսյանը BMW-ն և Mercedes Benz-ը վաճառել է․ առաջինը՝ 700 հազար դրամով, երկրորդը՝ 5 միլիոն դրամով։ Կառլեն Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 2,5 միլիոն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 1,7 միլիոն դրամ վարկ՝ «Հայբիզնեսբանկից»։

Արամ Հովհաննիսյանի միջնեկ որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք՝ հողամաս և հասարակական նշանակության շինություն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Հրաչյա Հովհաննիսյանը հայտարարագրել է BMW մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2020 թվականին։ Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 1 միլիոն դրամ կանխիկ գումար, իսկ որպես եկամուտ՝ վարձակալության դիմաց ստացված 1,2 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 3 մլն դրամ և երկու վարկ «Հայէկոնոմբանկից» 1 մլն և 8 մլն դրամի չափով։

Ընտանիքի կրտսեր որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, 2021 թվականի ընթացքում հայտարարագրել է 300 հազար դրամ կանխիկ գումար, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ 2,5 մլն դրամ, և 3 վարկ «Կոնվերսբանկից» 708 հազար, 1,3 մլն և 476 հազար դրամի չափով։

Առաջիկայում կհրապարակենք Ներքին գործերի նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին հոդվածներ։

Հիշեցնենք, որ նախօրեին անդրադարձել էինք Փրկարար ծառայության նորաննշանակ տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հայտարարագրին։ Պարզել էինք, որ Ցուցուլյանը թաքցրել է մասնավոր ընկերությունում իրեն պատկանող 67% բաժնեմասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter