HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հումքի սակավության և այլ խոչընդոտների պատճառով կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրությունը կրճատվել է

Հայաստանում «թմբկահարվող» երկնիշ տնտեսական աճը շրջանցում է սննդամթերքի արտադրության ոլորտը։ Սննդի վերամշակման և արտադրության տարբեր ճյուղեր անկում են ապրել 2022 թվականին՝ ավելի վաղ եղած և նոր առաջացած խոչընդոտների պատճառով։

2022 թվականին մի շարք ճյուղերում արտադրության ֆիզիկական ծավալները կրճատվել են: Կաթնամթերքի շուկան այդ շարքում է։

«Կաթի սակավությունն ու թանկացումը, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձացումը, լոգիստիկ ու բազմաթիվ այլ խնդիրներ կան այսօր կաթնամթերքի շուկայում, որոնք նոր չեն առաջացել, այլ՝ ամեն տարի խորացել են»,- ասում է կաթնամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Իգիթ» ընկերության ներկայացուցիչ Արամ Կռոյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով (ՀՀ ՎԿ)` 2022 թվականի առաջին 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Հայաստանում արտադրվել է շուրջ 5 հազար տոննա թթվասեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 17%-ով:

Նույն ընթացքում արտադրվել է 8 հազար տոննա մածուն՝ նվազելով 7.3%-ով, կաթնաշոռի ծավալները կազմել են 1.6 հազար տոննա՝ նվազելով 1.3%-ով:

Պաղպաղակի արտադրությունը կրճատվել է 35.6%-ով՝ դառնալով 8.7 մլն լիտր: Նույն պաշտոնական տվյալներով՝ կաթնամթերքի այս տեսակների արտադրությունը կրճատվել էր նաև 2021 թվականին։

Նկատելի աճ կա միայն կարագի արտադրության ոլորտում: Այստեղ արտադրությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին ավելացել է 3.1 անգամ՝ կազմելով 4.7 հազար տոննա:

Պանրի արտադրությունն ավելացել է 2.9%-ով՝ կազմելով 22.4 հազար տոննա։

Մշակված կաթի ծավալները մնացել են գրեթե նույն մակարդակում` 6.7 հազար լիտր։ 

Չնայած որ արտադրողներից մեկը տարին վնասով է փակել, մյուսը՝ աճով, մյուսի մոտ՝ արտադրությունը մնացել է նույն մակարդակում, սակայն կաթնամթերքի ընդհանուր շուկայում տարիներով կուտակված խորքային խնդիրներ կան։ Մեզ հետ զրույցում արտադրող ընկերությունների ներկայացուցիչները գրեթե միաբերան նույն խոչընդոտների մասին են խոսում։ 

Կաթը քիչ է. թանկ հումք՝ թանկ կաթնամթերք

«Իգիթ»-ի արտադրամասը Շիրակի մարզում է։ Հումքը մթերվում է հիմնականում նույն մարզից, սակայն չի բավարարում ամբողջ պահանջարկը։

«Նախ առաջինը կաթի քանակի հարցն է։ Անասնագլխաքանակն է պակասել. անասնապահությամբ քիչ են զբաղվում։ Սեզոնայնությամբ պայմանավորված՝ կաթի քանակը տարվա տարբեր ամիսների կտրուկ տատանվում է։ Տարվա ընթացքում բարենպաստ է միայն ամռան ամիսներին։ Խնդիր կա նաև կաթի գնի հետ»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Արամ Կռոյանը։

Ընկերությունները կաթի պակասը լրացնում են ներմուծված կաթի փոշով։ Վերջին մեկ տարում թե՛ ներմուծված և թե՛ տեղական հումքը շարունակել է թանկանալ։ Արտադրողները ևս մեխանիկորեն թանկացնում են արտադրանքը։ Վիճկոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի նույն ամսվա համեմատ, կաթնամթերքը Հայաստանում միջինը 11.4%-ով թանկացել է։

«Իսկ երբ ապրանքը թանկացնում ես, մարդկանց գնողունակությունն է նվազում, սկսում են ավելի քիչ գնել։ Դա էլ վաճառքի ու արտադրության ծավալների վրա բացասաբար է ազդում»,- նշում է «Իգիթ»-ի ներկայացուցիչը։

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի մասին 2022 թվականի տվյալները։ Դրանք հրապարակվում են տարին մեկ անգամ։

Փոխարենը նույն պաշտոնական ամենաթարմ տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ինն ամիսների համեմատ՝ Հայաստանի անասնաբուծության ոլորտում 4.1% անկում է գրանցվել։

Կաթնամթերք արտադրող մեկ այլ ընկերությունում՝ «Բոնիլատ»-ում, տարին անկումային չի եղել, թեև եթե չլինեին հումքի սակավության խնդիրները, ընկերությունը կարող էր արտադրության ծավալների տեսանելի աճ գրանցել։ 2022 թվականին արտադրության և վաճառքի էական տատանումներ ընկերությունում չեն արձանագրել։

«Պահանջարկն ավելի մեծ է, քան արտադրվում է։ Մաքուր կաթով ենք աշխատում, կաթը քիչ է։ Որպես այդպիսին՝ մենք այս պահին անկում չունենք։ Չէի ասի, որ 2022 թվականը բարենպաստ է եղել, չէի էլ ասի, որ անբարենպաստ։ Ո՛չ մեծ անկումներ են եղել, որ չկարողանանք աշխատել, ո՛չ էլ շատ լավ է եղել»,- մեզ հետ զրույցում նշեցին «Բոնիլատ»-ից։

Ընկերությունում արձանագրել են, որ զբոսաշրջիկների հոսքը նպաստել է կաթնամթերքի իրացմանը։  Հիշեցնենք, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մեծ թվով ռուսաստանցիներ եկան Հայաստան։

«Բոնիլատ»-ը արտահանումներ չի իրականացնում՝ նախևառաջ այն պատճառով, որ հումքի խնդիր կա, և հետո կաթնամթերքի պահպանության ժամկետները շատ սեղմ են, և արտահանելը դառնում է ռիսկային։

Կաթնամթերքի շուկայում հումքի խիստ դեֆիցիտի մասին Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը դեռևս 2021 թվականից է խոսում։ Բացի այն, որ անասունների գլխաքանակն է պակասել, 2021-ին բնակլիմայական պայմաններն են անբարենպաստ եղել։ Ըստ նրա՝ կաթի փոշու ծավալների ավելացումը բացասաբար է ազդում արտադրվող կաթնամթերքի որակի վրա։

2022-ին նախորդ տարվա համեմատ՝ բնությունն ավելի բարեհաճ է գտնվել, սակայն դա ամբողջովին չի փրկել իրավիճակը։ 

Կաթի փոշու և կաթնամթերքի ներմուծումը ավելացել է. կարագի արտադրությունն աճել է Իրանից բերված հումքի հաշվին

Կաթի սակավության հետևանքով կաթնամթերք արտադրողները ավելացնում են կաթի փոշու ներմուծման ծավալները։   

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն էապես ավելացրել է կաթի, խտացրած կաթի և կաթի փոշու, կարագի ու պանրի  ներմուծման ծավալները (Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել կաթնամթերքի ներմուծման տարեկան տվյալները 2022 թվականի համար)։

Առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել մոտ 4.5 հազար տոննա կաթ և սերուցք, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 8 անգամ։ Դրա 83%-ը բերվել է հարևան Իրանից։ 

Արտադրողների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ կարագի արտադրության աճը պայմանավորված է Իրանից ներմուծված սերուցքի ծավալների ավելացմամբ։ Այն համեմատաբար էժան է, ինչը արտադրողներին թույլ է տվել մեծացնել կարագի արտադրությունը։  

2022-ի առաջին կիսամյակում խտացրած կաթի և կաթի փոշու ներմուծումը կազմել է 5.3 հազար տոննա՝ ավելանալով 2.5 անգամ։ Թե սրա որ մասն է կազմում կաթի փոշին և որ մասը խտացարած կաթը, մասքային բազայում չի առանձնացվում, սակայն նախորդ տարիների տվյալները ցույց են տվել, որ այս ծավալի շուրջ 80%-ը կաթի փոշին է։ Այն ներմուծվում է մեծ մասամբ Իրանից ու Բելառուսից,  ոչ մեծ մասը՝ Ռուսաստանից։ 

Կարագի ներմուծումն ավելացել է 62%-ով՝ կազմելով 1.7 հազար տոննա։ Այն ներմուծվում է Նոր Զելանդիայից ու Ֆինլանդիայից։ Ոչ մեծ քանակով՝ Ավստրալիայից, Իրանից, Արգենտինայից և այլ երկրներից։  

Գրեթե կրկնապատկվել է պանրի ներմուծումը՝ դառնալով 1.1 հազար տոննա։ Բերվում է մեծ մասամբ Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից։  

Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտահանմանը, ապա Հայաստանը արտահանում է ոչ մեծ ծավալի կարագ և պանիր։ 2022 թվականի առաջինն կիսամյակում պանրի արտահանումը երկու անգամ կրճատվել է՝ կազմելով 745 տոննա։ Մոտ  հազար տոննա կարագ է արտահանվել. նախորդող տարիներին կարագի արտահանումը չնչին ծավալներ է ունեցել։

 Էներգակիրների թանկացումներ, լոգիստիկ խնդիրներ

Թանկ հումքին գումարվել է էներգակիրների՝ գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, որոնք ևս ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա՝  էլ ավելի բարձրացնելով այն։ 

Ինչպես մյուս ընկերությունների պարագայում, կաթնամթերք արտադրողներին ևս շատ է խանգարում նաևն Հայաստանը Ռուսաստանին կապով ցամաքային միակ ճանապարհի՝ Լարսի կուտակումները։ 

«Ձմռանը Լարսը փակվում է ու կարող է երկար ժամանակ արտադրությունները առանց հումք մնան։ Անցյալ տարի խնդիրներ եղան նաև ամռանը։ Միայն վրացական կողմում ամբողջ ամառ 3-4 հազար հատ մեքենա կուտակվեց և ոչ մեկ այդ հարցին լուծում չտվեց։ Մեր արտադրությունը չէր կանգնել, բայց արտահանումը ահագին նվազեց»,- ասում է «Իգիթ» ընկերության ներկայացուցիչ Արամ Կռոյանը։ 

Տարբեր տարիներին արված տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի առնվազն 90%-ը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, որում դիտարկվել են 2019-2020 թվականի տվյալները, կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։

Հարկեր, վարկեր

Կաթնամթերք արտադրողները նաև հարկային քաղաքականության բացերն են մատնանշում։ Մեր զրուցակից Արամ Կռոյանը կարծում է, որ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը բարձր և հայկական ընկերություններին թույլ չի տալիս մրցակցային դառնալ ԵԱՏՄ կազմում։ «Այդ կազմում գտնվող երկրներում, բացի Հայաստանից, ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ) 10% է, իսկ Հայաստանում՝ 20%։ Այսինքն՝ կաթնամթերք արտադրող հայկական ընկերությունները երկու անգամ ավելի դանդաղ են զարգանում»,- ասում է նա։

Մեզ հետ զրույցներում արտադրողները նաև վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներից են բողոքում։ Ի դեպ, արտադրողներից շատերը, այդ թվում՝ խոշորներից, խուսափում էին պատասխանել մեր հարցերին, զրուցում էին միայն պայմանով, որ հոդվածում չի նշվելու ընկերության անունը։ 

Էկոնոմիկայի նախարարը երկու տարի առաջ գույքագրել է կաթնամթերքի շուկայի խնդիրները, սակայն դրանք չեն լուծվել

2021 թվականի ապրիլին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում-քննարկում են կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նույն հաղորդագրության մեջ մատնանշվում են այն խնդիրները, որոնք այսօր էլ կան։

Բացի կաթնամթերքից, 2022 թվականին նվազել է նաև մսամթերքի արտադրությունը, հրուշակեղենի, աղի, գինու, հանքային ջրերի և սննդի այլ ճյուղերի արտադրությունը։ Շուկաներին կանդրադառնանք առանձին հոդվածներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter