HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Արաբկիր վարչական շրջանում ապօրինի գործող «Տիտան» բենզալցակայանը պաշտոնատար անձանց կողմից չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ փաստաբան Մերի Գևորգյանից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է պաշտոնեական անփութության համար, որի նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին և 446 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանը փակելու մասին 2022 թ․ նոյեմբերին կարգադրագիր էր ստորագրել վարչապետի ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։ Պատճառն այն էր, որ «Տիտան» բենզալցակայանի պահեստային տարաները վերգետնյա են, որոնց վրայով հոսանքի մալուխներ են անցնում։ Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի պայմաններում բենզալցակայանը շարունակել է աշխատել, աշխատում է նաև այսօր։

«Տիտան օիլ» ՍՊԸ-ի կողմից վարչական դատարանում վիճարկվում է տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի իրավաչափությունը։ Դատարանը մինչ վերջնական ակտ կայացնելը՝ որոշել էր բավարարել բենզալցակայանը շահագործող ընկերության ներկայացուցչի միջնորդությունը և կասեցրել էր բենզալցակայանը փակելու մասին կարգադրագիրը։ Հունվարի 13-ին վարչական դատարանը, քննության առնելով արդեն տեսչական մարմնի միջնորդությունը որոշել է վերացնել իր նախորդ որոշումը, որով կասեցրել էր տեսչական մարմնի կարգադրագիրը։ Այսպիսով, տեսչական մարմնի կարգադրագիրը ուժի մեջ է, որում նշված է, որ պետք է անհապաղ դադարեցվի բենզալցակայանի շահագործումը։

Հրաչյա Քոչար փողոցում գտնվող բենզալցակայանը սեփականության իրավունքով պատկանում է «Սիվաս» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունից է տարածքը վարձակալել «Տիտան օիլ» ՍՊԸ-ն։ «Սիվաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող բենզալցակայանը կառուցված է մայթի տեղում։ Թե ինչպես է «Սիվաս» ՍՊԸ-ին հաջողվել մայթի տեղում բենզալցակայան կառուցել և սեփականաշնորհել այն, իրավապահները կարող են պարզել։ Նշենք միայն, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Սիվաս» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի։ Ընկերության բաժնետոմսերը հավասարապես (50/50) պատկանում են Տիգրան Դարբինյանին ու Առաքել Հարությունյանին։ Տիգրան Դարբինյանը ՀՀ նախկին վարչապետ, ներկայում հայ–ռուսական համալսարանի (Սլավոնական) ռեկտոր Արմեն Դարբինյանի եղբայրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter