HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս պահին ամենաշատը կուզեի լինել աշակերտներիս և ընտանիքիս կողքին». ուսուցիչը չի կարողանում վերադառնալ Արցախ

Աշոտ Գաբրիելյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդներից է։ 1.5 տարի է՝ դասավանդում է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի դպրոցում։ Աշոտը Արցախի մեկ այլ քաղաքից է՝ Ասկերանից, ծրագրին մասնակցելու համար այնտեղից տեղափոխվել է Կոլխոզաշեն և սկսել դասավանդել անգլերեն և հասարակագիտություն։ Նա նաև 12-րդ դասարանի դասղեկն է։

2022 թվականի դեկտեմբերի 10-ին Աշոտը Երևան էր եկել։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու պատճառով նա մնացել է Երևանում և չի կարողանում Արցախ վերադառնալ։ Այնտեղ են նրա ծնողները, հարազատները, աշակերտները։ Երևանում Աշոտը ժամանակավորապես ընկերոջ տանն է բնակվում։

2021 թվականի սեպտեմբերից ընդունվել է աշխատանքի՝ Կոլխոզաշենի դպրոցում։

«Որոշումս մասամբ էմոցիոնալ ֆոնի վրա էր, բայց որոշել էի, որ պետք է հետագայում աշխատեմ ու ապրեմ Արցախում։ Այս ծրագրի հետաքրքիր կողմերից մեկն էլ այն է, որ մինչև վերջին պահը չես իմանա, թե որտեղ կհայտնվես։ Ինձ բաժին հասավ Կոլխոզաշենը։ Միշտ ասում եմ, որ իմ գյուղն ամենալավն է, ամենասիրունը, շատ եմ սիրում գյուղս, աշակերտներիս, կոլեգաներիս»,- ասում է Աշոտը։

Աշոտ Գաբրիելյանին հանդիպեցինք Երևանում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գրասենյակում։ Ճանապարհի փակվելու պատճառով նա աշակերտների հետ դասերն օնլայն ռեժիմով է անցկացնում։ Օնլայն դասերի անցկացումն էլ իր դժվարություններն ունի․ Արցախում պարբերաբար անջատում են ինտերնետ կապն ու էլեկտրաէներգիան։

Աշոտի հետ պայմանավորվել էինք նկարահանել դասապրոցեսը, սակայն նախորդ հինգշաբթի՝ հունվարի 12-ին, պարզվեց, որ ադրբեջանցիները դիտավորյալ կտրել են Արցախ գնացող հաղորդակցության լարերը։

Մեր հանդիպումը հետաձգվեց մինչև ուրբաթ։ Հունվարի 13-ին՝ ուրբաթ երեկոյան, վերականգնվեց Արցախի ինտերնետ կապը։ Մինչ այդ մենք Աշոտի հետ արդեն զրուցել էինք։ Քանի որ հեռախոսակապն ու ինտերնետի հասանելիությունը վերականգնվել էին, Աշոտ Գաբրիելյանի դասապրոցեսը նկարահանեցինք երկուշաբթի՝ հունվարի 16-ին։

Աշոտն այս ընթացքում Կոլխոզաշենի դպրոցի տնօրինության օգնությամբ հեռահար կիսամյակային գրավոր աշխատանքներ է անցկացրել, ստուգել դրանք։

«Շատ եմ ափսոսում, որ այս պահին դասարանիս կողքին չեմ, մենք պետք է արդեն վերջին զանգին պատրաստվեինք, ես պիտի այս պահին իմ աշակերտների կողքին լինեի, բայց ունենք այն, ինչ ունենք»,-պատմում է նա։

Աշակերտները կարոտում են Աշոտին, դասի ընթացքում պատմություններ պատմում, օրեր առաջ գնացել են Աշոտի տան մոտ, տեսանյութ նկարել ու ուղարկել ուսուցչին։ Աշոտը հպարտությամբ նշում է, որ իր աշակերտներն ունեն առաջնորդի հմտություններ։ Համատեղ ուժերով հիմնել են «ՋանԷ» երիտասարդական կենտրոնը։ Հիմա՝ քանի դեռ Աշոտն Արցախում չէ, կենտրոնի կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվում են աշակերտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter