
Հայաստանում ԵՄ դիտորդական նոր առաքելությունը կազմված կլինի մինչև 100 դիտորդից
Եվրամիությունը նախատեսում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել նոր առաքելություն, որը կարող է կազմված լինել մինչև 100 դիտորդից և կունենա երկամյա մանդատ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico պարբերականի եվրոպական ծառայությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության իր աղբյուրներին։
2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատել էին հայ-ադրբեջանական սահման 40 դիտորդի ուղարկման որոշումը։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը ժամանել էր Հայաստան և անցել իր գործունեությանը։ Դրա մանդատը երկու ամիս էր, ավարտվեց դեկտեմբերի 19-ին։
«Երևանում իշխանությունների հետ եղել է փոխադարձ ըմբռնում, որ կա անհրաժեշտություն ներկայության վերականգնման, սակայն նախորդը շատ համեստ էր։ Հիմա տարածաշրջան կուղարկվի մինչև 100 դիտորդ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակներում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նրա խոսքով՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը կուղարկվի Բրյուսել՝ Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի հաստատմանը։
Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։
Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։
«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։
Լուսանկարը՝ Տոյվո Կլաարի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել