HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանում ԵՄ դիտորդական նոր առաքելությունը կազմված կլինի մինչև 100 դիտորդից

Եվրամիությունը նախատեսում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել նոր առաքելություն, որը կարող է կազմված լինել մինչև 100 դիտորդից և կունենա երկամյա մանդատ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico պարբերականի եվրոպական ծառայությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության իր աղբյուրներին։

2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատել էին հայ-ադրբեջանական սահման 40 դիտորդի ուղարկման որոշումը։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը ժամանել էր Հայաստան և անցել իր գործունեությանը։ Դրա մանդատը երկու ամիս էր, ավարտվեց դեկտեմբերի 19-ին։

«Երևանում իշխանությունների հետ եղել է փոխադարձ ըմբռնում, որ կա անհրաժեշտություն ներկայության վերականգնման, սակայն նախորդը շատ համեստ էր։ Հիմա տարածաշրջան կուղարկվի մինչև 100 դիտորդ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակներում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Նրա խոսքով՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը կուղարկվի Բրյուսել՝ Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի հաստատմանը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։

Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։

«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։

Լուսանկարը՝ Տոյվո Կլաարի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter