2022-ի երկօրյա պատերազմի հետևանքով համայնքներին ու բնակիչներին պատճառված վնասներն ու կորուստները
2022թ․ դեկտեմբերի վերջին Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետները փոխհատուցում տրամադրեցին սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վնասներ կրած բնակիչներին։ Մարզպետների կայացրած որոշումներով՝ բնակելի տներին հասցված վնասների գնահատված արժեքի 50%-ը բնակիչներին տրամադրվել էր վերականգնման աշխատանքներ սկսելու համար, իսկ մնացած մասը տրամադրվել է աշխատանքների ընթացքն ուսումնասիրելուց հետո։
Երկօրյա պատերազմի ժամանակ կրակի տակ հայտնվեցին նշված երեք մարզի մի շարք բնակավայրեր․ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերը, Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ առողջարանային քաղաքը, Սյունիքի մարզում՝ Գորիս համայնքի Ակներ, Վերիշեն գյուղերը, Տեղ համայնքի Քարաշեն գյուղը և Սիսիան համայնքի Աղիտու ու Վաղատուր գյուղերը։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ, այդ թվում 4 քաղաքացիական անձ, առնվազն 20 ռազմագերի, կորցրել է շուրջ 140 քառ. կմ տարածք։ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ, որոնց մի մասը մինչ օրս չի վերադարձել իրենց բնակավայրեր։
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Վարդենիս համայնքի հանձնաժողովը հաշվառել է բնակավայրերի անհատական բնակելի տներին պատճառված վնասները՝ համաձայն որի Սոթք գյուղում վնասի չափը կազմում է 229 մլն 371 894 հազար դրամ, իսկ Կութ գյուղում՝ մոտ 5 մլն 90 հազար դրամ։
Հրետակոծվելու հետևանքով Սոթք գյուղում վնասվել է 151 անհատական բնակելի տուն (լուսանկարները՝ այստեղ), որից 147-ը ենթակա է վերականգնման։ Ամբողջությամբ քանդվել կամ քանդման ենթակա է դարձել 4 անհատական բնակելի տուն, որոնց բնակիչները ժամանակավոր կացարաններում են ապրում։ Մարզպետարանը տեղեկացնում է, որ վնասված տների բոլոր բնակիչներին փոխհատուցում է տրվել՝ բացառությամբ Սոթք բնակավայրի 2 բնակելի տան բնակիչների, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
Վնասներ են կրել նաև Սոթք բնակավայրի դպրոցը, վարչական ղեկավարի նստավայրը և բուժամբուլատորիան, որը վարչական շենքում է գտնվում։ Սոթքի բնակիչներից տեղեկացանք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով փոխում է վթարված տների տանիքները։
Կութ գյուղում վնասվել էր 10 բնակելի տուն, գյուղի վարչական շենքը, դպրոցը, բուժկետը, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ։ Պատճառված վնասներն, ըստ մարզպետարանի, ամբողջությամբ վերականգնել են։
Վերին Շորժա գյուղում վնասվել է՝ 8 բնակելի տուն, հրդեհվել է՝ 5 բնակչի պատկանող 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի տարածք։ Այս գյուղի բնակչությանը փոխհատուցում չի տրամադրվել։ Նշենք նաև, որ գյուղի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է, և ներկայում բնակիչներ չկան այնտեղ։
Գեղարքունիքի մարզպետի որոշումներով գումար է հատկացվել սեպտեմբերի 13-14-ին զոհված զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 200 000 դրամ։ Մարզպետի 2022թ․ հոկտեմբերին կայացրած երկու որոշումներից պարզ է դառնում, որ հայկական կողմի ունեցած 224 զոհերից 42-ը Գեղարքունիքի մարզի բնակիչ է։
Սյունիքի մարզում վնասներ է կրել 5 գյուղ
Սյունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժել են մարզի Աղիտու, Ակներ, Վերիշեն, Քարաշեն և Վաղատուր բնակավայրերը։
Սիսիան համայնքի Վաղատուր գյուղում վնասվել է 9 տուն և վարչական շենքի տանիքը, Աղիտու գյուղում՝ 3 տուն, Գորիս համայնքի Ակներ գյուղում՝ 1 տուն, Վերիշենում՝ 4 տուն և 1 անասնաշենք, Տեղ համայնքի Քարաշեն գյուղի հանդիսությունների սրահը։
Սյունիքի մարզի համայնքներում շենքերի, շինությունների վնասների գնահատման արդյունքում դրանց սեփականատերերին կամ բնակիչներին հատուցման ենթակա վնասի չափը հաշվարկվել է 8 674 990 դրամ։ Սյունիքի մարզպետի 386-Լ որոշումով վնասներ կրած բոլոր քաղաքացիներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն։
Վայոց Ձորի մարզպետարանը թաքցնում է Ջերմուկ համայնքին պատճառված վնասների բնույթը
Վայոց Ձորի մարզպետի տեղեկացմամբ՝ մարզի համայնքներում տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես փոխհատուցում, 2022թ․-ին տրամադրվել է ընդհանուր 45 մլն 705 000 դրամ։
Մարզպետարանը հրաժարվեց տեղեկություն տրամադրել, թե ինչ վնասներ են պատճառվել համայնքի բնակիչներին, իրավաբանական անձանց և համայնքային ենթակառուցվածքներին։ Դեռևս սեպտեմբեր ամսվա պաշտոնական տվյալներով Ջերմուկ համայնքում վնասվել են՝ 3 հյուրատուն, 1 առողջարան և ճոպանուղին (լուսանկարները՝ այստեղ)։
Նշված երեք մարզերի գյուղատնտեսությանը պատճառված վնասներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։
Մեկնաբանել