HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հայտարարում է Երևանի և Բաքվի հետ երկխոսության շարունակման մասին

Ռուսաստանը շարունակում է վարել բավականին քրտնաջան և բարդ աշխատանք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում։ Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Ռուսաստանը՝ որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է իրականացնել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան ու բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլի համար ընդունելի է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչը, որով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի նախագահին կոչ էր արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար։

Հիշեցնենք, որ երեկ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը, Բլինքենը վերջինիս կոչ էր արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: «Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը քաջալերել է նախագահ Ալիևին՝ կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները»,- հայտարարել էր պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, հիմնականում իշխանամետ ՀԿ-ների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել հումանիտար աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։

Լուսանկարը՝ sk-moskvich.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter