HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

82-ամյա Ռոմելա Աղաջանյանը միայնակ է հաղթահարում շրջափակումը 

Ռոմելա Աղաջանյանը խոհանոցից բերում է սալորի մուրաբան ու թեյը։ Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների պատճառով բնակարանում ցուրտ է։ Տեղավորվում է էլեկտրական վառարանի կողքին, փաթաթվում բարակ, մոխրագույն վերարկուի մեջ։ Երբ շատ ցուրտ է լինում, ոտքերը մոտեցնում է վառարանի պարույրին, այս ու այն կողմ շրջելով՝ մի քիչ տաքացնում ու նորից հագնում հողաթափերը։ Հետո ձեռքով գրկում է թափանցիկ, տաք բաժակն ու դանդաղ խմում թեյը։ 

Ռոմելա Աղաջանյանը 82 տարեկան է։ Մեծացել է Արցախի Կարմիր գյուղում։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ «Ես միշտ մամուս ուշունցում տամ, ասում խեյը՞ս ինձ պերալ, վեր էսքան քյամբախտըմ»,- ասում է նա, երբ հարցնում եմ դիմացի պատին փակցված նկարների մասին։ Նրա երկու որդիները զոհվել են արցախյան առաջին պատերազմում։ Մատով հեռվից ցույց է տալիս՝ մոտավոր տարբերակելով որդիների, ամուսնու ու թոռան նկարները։ Ամուսնուն կորցրել է 1995-ին՝ որդիների զոհվելուց հետո։ Ավագ որդին՝ Էդոն, 30 տարեկան էր, երբ զոհվեց։ Խոստացել էր ամուսնանալ հենց պատերազմն ավարտվի։ Իսկ կրտսերը՝ Արսենը, 28 տարեկան էր, երկու աղջիկ ու մի տղա ուներ։ «Արսենի որդին՝ Արթուրը, մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց։ Մեծացավ ու դարձավ պայմանագրային զինծառայող։ 2020-ի պատերազմի ժամանակ ընկերները համոզում էին, որ առաջնագիծ չգնա, քանի որ ընտանիքի միակ արու զավակն էր։ Բայց գնաց ու զոհվեց։ Այդ ժամանակ Երևանում էի, եթե այստեղ լինեի, չէի թողնի, որ գնա»,- ասում է Ռոմելան։ 

Արթուր Աղաջանյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 13-ին։ Նա ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) տանկային գումարտակի ենթասպա էր։ Տատիկի պատմելով՝ հոկտեմբերի 13-ին շարասյունով Ցորից Ջաբրայիլ էին գնում՝ գործողության մասնակցելու։ Արկի հարվածից մեքենան, որում եղել է Արթուրը, պայթել է։ Ռոմելայի ասելով՝ 30 հոգի զոհվել է։ 

Ռոմելայի խոսքով՝ Աստված միայն իր միակ դստերը՝ Նոնային է պահել։ Գրեթե ամեն օր գնում է նրան տեսակցելու։ Սրտի կաթվածի պատճառով Նոնան մշտական խնամքի կարիք ունի։ Շատ հաճախ մայրն է նրան խնամում։ 

Ռոմելան շրջափակումը միայնակ է հաղթահարում։ Կտրոնններով առևտուրն արել է․ 1լ ձեթ՝ մի ամսվա համար, կես կիլոգրամ շաքարավազ, հնդկաձավար ու բրինձ՝ 15 օրվա համար։ Ասում է՝ իրեն շատ էլ է, այդքանը հազիվ 15 օրում վերջանա։ Ուրախ է, որ առևտուրը կտրոններով է։ «Այսպես գոնե գիտես, որ խանութում ապրանք է լինելու։ Թե չէ գնում էի խանութ՝ամենուր դատարկ շարքեր էին, ոչ մի բան չէի հասցնում գնել․ ով ինչքան ուզում՝ առևտուր էր անում։ Հիմա հանգիստ եմ․ կտրոն ունեմ»,- ասում է Ռոմելան։ Միշտ աշխատում է մինչև մութն ընկնելը տանը լինել, քանի որ քաղաքում փողոցային լուսավորություն չկա։ 

Երբ գազամատակարարման խափանումներ չեն լինում, կերակուր պատրաստելուց բացի գազօջախը խոհանոցին կպած ննջասենյակը տաքացնելու համար է օգտագործում։ Ասում է՝ երբեմն մոռանում է անջատել գազօջախը։ «Մի քանի օր առաջ հարևանուհիս է ստուգել։ Բնակարանի երկրորդ բանալին ապահովության համար նրա մոտ եմ թողնում։ Պարզվել էր՝ գազօջախը վառել եմ, դուռը կողպել ու դուրս եկել տնից»,- պատմում է Ռոմելան։  

Էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ զգեստի գրպանը լցնում է տանը մնացած կոնֆետներով ու գնում հարևանի երեխաների հետ խաղալու։ Երբեմն տանն է մնում՝ մթության մեջ։ Ասում է՝ թեկուզ լավ բան չի սպասում, ինչ էլ լինի՝ իր տունը չի թողնելու։ «Եթե Արցախը չլինի, հաջորդը Երևանի հերթն է լինելու, ճիշտ չե՞մ»,- հարցնում է Ռոմելան։ 

Երեկոյան ժամը 7-ն է։ Մեկ ժամից հոսանքը կանջատվի։ Ռոմելան հասցրել է ավարտել թեյը, բացել անկողինն ու մի քիչ տաքացնել այն։

Մեկնաբանություններ (1)

Tish O'Dowd
How much heartbreak and loss can one human bear? Is there any way to help Mrs. Aghajanyan?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter