HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից անտառ գնելու գործը դատարանում է

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր սկսվեց Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար, նախկին հանրապետական Կարեն Մարգարյանի կողմից 2007թ․ անտառ գնելու գործով նախնական դատական նիստը։

Դատարանում վիճարկվում է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնավարման տարիներին կազմակերպված աճուրդների օրինականությունը։ Այդ աճուրդներից մեկի ժամանակ 2.4 հեկտար անտառապատ հողատարածք է գնել այդ ժամանակ մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող, ՀՀԿ-ական Կարեն Մարգարյանը։ Հողամասի սեփականատեր դառնալուց տարիներ անց Մարգարյանն այն վաճառել է մարզպետի որդուն՝ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին։

Դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ ընթացող նախնական դատական նիստին ներկա էր միայն գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։ Պատասխանող Կարեն Մարգարյանը և երրորդ անձ Հակոբ Շահգալդյանը նիստին չէին ներկայացել։

Ավագ դատախազ Աղավնի Մադոյանը, ներկայացնելով հայցի առարկան, նշեց, որ դատարանից պահանջում են անվավեր ճանաչել 26.05․2007թ. կայացած աճուրդը, որպես հետևանք անվավեր ճանաչել 31.05.2007թ. Կոտայքի մարզպետի և Կարեն Մարգարյանի միջև կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը, ապա Կադաստրի կոմիտեում իրականացված պետական գրանցումը։ Դատախազությունը պահանջում է նաև անվավեր ճանաչել Կարեն Մարգարյանի և Կոտայքի նախկին մարզպետի որդու՝ Հակոբ Շահգալդյանի միջև կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը և Շահգալդյանի անվամբ կադաստրում կատարված սեփականության իրավունքի գրանցումը։

Ըստ դատախազի՝ 2.4 հեկտար հողամասը 2 միլիոն 684 հազար դրամով աճուրդով գնելուց հետո Կարեն Մարգարյանը 2015թ․ 1 միլիոն 170 հազար դրամով վաճառել է Հակոբ Շահգալդյանին։

Նշենք, որ ամբողջությամբ անտառապատ հողամասը գտնվում է Մարմարիկի ջրամբարի ափին։ Սեփականաշնորհումից հետո կառուցապատում այնտեղ չի իրականացվել։

Աղավնի Մադոյանը նշեց, որ Կոտայքի մարզի անտառային հողերը աճուրդներով վաճառելու մասին 2018թ․ «Հետք» պարբերականը հոդված էր հրապարակել, որն ուսումնասիրվել է դատախազությունում, ապա Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ և գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքներով։

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ աճուրդները փաստացի չեն անցկացվել։ Կոնկրետ հողատարածքներ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը, կողմերին հնարավորություն է տրվել նրանց անվամբ գրանցել այս կամ այն հողամասը»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ ապօրինի աճուրդներով, ի թիվս այլնի, օտարվել է Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2.4 հա հողամասը։

Բայց քանի որ քրեական գործը վաղեմության հիմքով կարճվել է, դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում դիմել է դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն աճուրդի որոշումները, և հնարավոր լինի վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Դատավոր Աշխեն Ղարսլյանը դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանողները փորձել են հաշտություն կնքել։

«Կոնկրետ այս գործով չեմ հիշում, բայց Ծաղկաձորի մնացած գործերով (անտառային հողերի սեփականաշնորհման-խմբ․) հաշտության առաջարկներ բանավոր եղել են, որ վճարեն ինչ-որ գումար և այլն, սակայն գործուն քայլեր չեն եղել։ Ես գտնում եմ նաև, որ այդ եղանակով չի վերականգնվի պետական շահը, հետևաբար հաշտության համաձայնությամբ չի կարող ավարտվել սույն վեճը»,- պատասխանեց Աղավնի Մադոյանը։

Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն՝ ձեր կողմից բացառվե՞լ է վեճը հաշտությամբ լուծելու հնարավորությունը, դատախազը պատասխանեց, որ գրավոր առաջարկ չի եղել, ընդամենը բանավոր առաջարկներ են եղել։

Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվեց, դատավորը նիստը հետաձգեց, որպեսզի ապացուցման բեռն առանձին դատական ակտով բաշխելու մասին որոշում կայացնի։

Կարեն Մարգարյանը մինչ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար դառնալը պաշտոնավարում էր Պետական վերաահսկողական ծառայությունում, երբ կառույցը ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը։ Քյարամյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո Կարեն Մարգարյանը տեղափոխվում է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Կոտայքի մարզում անտառային հողերի սեփականաշնորհման մասին «Հետքը» 2018թ․ հրապարակեց «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննությունը։ Հաջորդիվ քրեական գործ հարուցվեց, որը վաղեմության հիմքով կարճվեց։ Դրանից հետո դատախազությունը պետշահերի պաշտպանության շրջանակում դիմեց դատարան, որպեսզի անտառները վերադարձվեն պետությանը։

Ապօրինի աճուրդների միջոցով Ծաղկաձորում հողամասեր էին ձեռք բերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, Դանիելյանի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter