
Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում պաշտոնյաները կտուգանվեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտող պաշտոնյաների նկատմամբ։ Համապատասխան օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն սահմանվել է դեռևս 2022 թվականի մարտի 23-ից՝ 30 հազարից 50 հազար դրամի չափով, սակայն վարչական պատասխանատվությունը նախատեսվել է միայն շենքերի վրա բարձրացված դրոշների դեպքում։
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
Այդ իսկ պատճառով էլ արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ դրոշի մասին օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։
Այսպիսով, դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30 հազարից 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 70 հազարից 100 հազար դրամի չափով։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Մեկնաբանել