HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահները կարող են արձագանքել ԵՄ մոնիթորինգային առաքելության գործողություններին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան նշում է, որ Երևանն ընտրություն է արել Եվրամիության օգտին՝ տրամաբանական ավարտին չհասցնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելություն ուղարկելու աշխատանքները։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու աշխատանքները, նախընտրել են ԵՄ-ն»,- ասված է հաղորդագրության մեջ, որը վերաբերում է Հայաստանի սահմանային շրջաններ Եվրամիության մոնիթորինգային առաքելություն ուղարկելուն։ 

Միաժամանակ, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ «եթե հայ դաշնակիցները հետաքրքրված լինեն ՀԱՊԿ ներուժի գործարկմամբ, առաքելությունը օպերատիվորեն կուղարկվի Հայաստան»։ Մոսկվայում այն կարծիքին են, որ ԵՄ փորձերը՝ ամեն գնով ամրապնդվել Հայաստանում, «կարող են վնասել հայերի ու ադրբեջանցիների արմատական շահերին»։

«Եվրամիության փորձերը՝ ամեն գնով ամրապնդվել Հայաստանում, հետ մղել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, կարող են վնաս հասցնել հայերի ու ադրբեջանցիների արմատական շահերին` տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու իրենց ձգտումներում»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մոսկվան չի թաքցնում, որ կարող է գործնականում կոշտ արձագանքել ԵՄ մոնիթորինգային առաքելությանն ու դրա գործունեությանը։ Այսպես, հաղորդագրության համաձայն, «ՌԴ խաղաղապահ անձնակազմը կարձագանքի Հայաստանում Եվրամիության դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում»։

«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև՝ հայկական սահմաններին ծառայություն կատարող ռուս խաղաղապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով տեղում առկա իրավիճակի զարգացումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Մոսկվան շարունակում է պնդել, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունն «ունակ է միայն սրել առկա դիմադրությունը և տարածաշրջան բերել աշխարհաքաղաքական դիմակայությունը»։ «Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի ու ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան ու սրել առկա հակասությունները»,- կարծում են ՌԴ ԱԳՆ-ում։ 

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան որևէ «ավելացված արժեք» չի տեսնում նրանում, որ ԵՄ փորձագետները հետևեն հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադարձություններին։ «Եթե Բրյուսելում անկեղծորեն հետաքրքրված լինեին Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»,- ասում է ռուսական կողմը։

ԵՄ մոնիթորինգային նոր առաքելությունը Հայաստանում կտեղակայվի 2 տարով։ Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, հաստատել էր Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը։ 

«ԵՄ խորհուրդն այսօր համաձայնեցրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը (EUMA)։ Դրա խնդիրը կդառնա Հայաստանի սահմանային շրջաններում վստահության բարձրացումը և պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված էր հայտարարության մեջ։

Եվրոպական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաև ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի պնդումն այն մասին, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ «Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում»։ Քաղաքացիական առաքելության ղեկավար է նշանակվել Ստեֆանո Տոմատը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում իր աշխատանքն էր ավարտել ԵՄ մոնիթորինգային I առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։

Համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների պայմանավորվածության՝ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 20-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին՝ իրավիճակի մշտադիտարկման, վերլուծման ու տեղում առկա իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույցի պատրաստման համար։

«Եվրոպացի 40 փորձագետի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով»,- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը մեջբերել էր նրա մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշվել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԵՄ առաքելությունը դեռևս չի հրապարակել ոչ մի զեկույց։ Հիշեցնենք, որ նրանք դաշտային աշխատանքներ էին իրականացնում ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, որոնք դարձել էին Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումների թիրախ։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter