HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Մեր մեծերը պատմալն, վեր տալոնավ առևտուր ա իլալ, հվտացալ չընք՝ մին օր մունք էլ տա կտեսնանք». Ստեփանակերտի բնակչուհի

«Ընտանիքավ ուրխանում ընք գազի կամ լյուսի միացման լուրը սկնալավ, էրկուսը միասին ճոխություն ա։ «Արցախէներգոն» ա որոշում մեր հաց սարքելի, լղանալի ժամերը։Առանց ծյու, կամ լավագույն դեպքում մի հատիկավ խմորեղեններ ընք պդրաստում։ Սվերալնք մածուն մերել, պաներ, տվառոգ սարքել։ Կվարծիրումն էլ փեդու փիչընք տինում»,- այսպես է նկարագրում Արցախի շրջափակումը Ստեփանակերտի բնակիչ Մարիամ Աբրահամյանը։

30-ամյա Մարիամը 3 երեխա ունի։ Մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմն աշխատել է Կովսականի (Զանգելանի) ոսկու հանքում՝ որպես հաշվապահ։ Այժմ զբաղվում է երեխաների խնամքով։ Ասում է՝ շրջափակումը ամենաշատը ազդել է մանկահասակ երեխաներ ունեցողների վրա։ Ամեն ինչ դժվարացել է։ Միրգ ու բանջարեղեն չկա, մանկական կաթնախառնուրդներ չկան։ Մարիամն ասում է, որ երեխաներին էլ հաճախ չես կարող բացատրել, որ ինչ-որ սննդամթերքի տեսակ չկա, վերջացել է։ 

Արդեն 47-րդ օրն է փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Փակ է Ստեփանակերտի խանութների մեծ մասը։ Հունվարի 20-ից Արցախում անցել են կտրոններով առևտրին։ Ադրբեջանն էլ պարբերաբար դադարեցնում է Արցախի էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը։

Օրեր առաջ խանութներում ինչ-որ բան գտնելը գրեթե անհնար էր, խանութների մեծ մասը պարզապես փակ էր, որովհետև վաճառելու ոչինչ չկար։ Հիմա, երբ սննդի որոշ տեսակներ հասանելի են կտրոններով, իրավիճակը մի փոքր կարգավորվել է։ Մարդիկ ըստ ընտանիքի անդամների քանակի՝ կարողանում են սնունդ ձեռք բերել։

Մարիամն ասում է, որ կտրոններով առևտրի մասին լսել է իր ծնողներից, Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ 

«Երբեք մտքներավս անց չար կենալ, վեր նույն պատմությունը կկրկնվե։ Տալոնավ առևտուր անելս վե՞րնա։ Մեր մեծերը մեզ պատմալն, վեր տալոնավ առևտուր ա իլալ, հվտացալ չընք վեր մին օր մունք էլ տա կտեսնանք»,- ասում է նա։

Արցախում օրվա մեջ երեք անգամ երկուական ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Նաև գազատարի արգելափակման պատճառով ձմռան ցրտին առանց ջեռուցման անհնար է։ Ստեփանակերտի բնակիչներն էլ շենքերում փայտե վառարաններ են դրել։ Այժմ փակ են դպրոցներն ու մանկապարտեզները։ 

Մարիամը «Արցախի Մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի անդամներից է։ Ասում է, որ խմբի անդամ կանայք իրար այս օրերին շատ են օգնում։ Այն 5 տարի առաջ է ստեղծվել, շատ ակտիվ գործում էր 44-օրյա պատերազմի և շրջափակման օրերին։

«Խումբը շատ մեծ գործ ա անում, օգնում ըն, հու հինչու օնե կեսն անում։ Մինը վեր մին պենու տեղ ա գիդում, մյուսներին նհետ կիսվում ա»,- պատմում է Մարիամը։

Խմբի միջոցով կանայք իմանում են, թե որ դեղատանն են կաթնախառնուրդ կամ տակդիր ստացել, որ խանութում է մնացել որևէ ապրանք։ Հաճախ նաև մեկը մյուսին ինչ-որ բան է նվիրում։ 

Մեծ հերթեր են գոյանում գազալցակայանների առաջ, մարդիկ մի քանի ժամ շարունակ հերթ են կանգնեում, որպեսզի լիցքավորեն մեքենան։ Նախքան կտրոններով սննդի ձեռք բերմանն անցնելը՝ ահռելի հերթեր էին նաև խանութների մոտ։ Հաճախ մարդիկ այդպես էլ չէին կարողանում իրենց ուզածը ձեռք բերել, քանի որ մինչև իրենց հերթը հասնում էր, ապրանքն արդեն սպառված էր լինում։

Մարիամի ու մի քանի արցախցի կանանց նախաձեռնությամբ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի առջև հունվարի 9-ին ակցիա էր կազմակերպվել։ Ֆեյսբուքյան խմբի միջոցով հայտարարությունը տարածվել էր, ու բազմաթիվ կանայք իրենց երեխաների հետ եկել էին գրասենյակի մոտ։ Մարիամն ափսոսանքով նշում է, որ իրենց ակցիան լուրջ ազդեցություն չի ունեցել։ Կարմիր խաչի գրասենյակից հայտնել են, որ իրենք չեզոք կառոույց են և չեն կարող որևէ կողմի շահեր պաշտպանել։

Մարիամն ասում է՝ թեև շատ դժվարությունների միջով են անցնում, մեկ է՝ լավ ապագայի հույսը չեն կորցնում։ «Արցախցին ամեն հինչ էլ կարա հաղթահարե, ըսել անց կկենա։ Լոխ լյավա իննան»,- ասում է Մարիամը։

Գլխավոր լուսանկարը՝ Գայանե Բաղիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter