
«Տնից լավ տեղ չկա». Երևանից Ստեփանակերտ են վերադարձել արցախցի 15 երեխա և ուղեկցող 3 մանկավարժ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 27-ին, Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել արցախցի 15 երեխա և նրանց ուղեկցող 3 մանկավարժ։
Դեկտեմբերի 10-ին երեխաները Ստեփանակերտից Երևան էին ժամանել «Մանկական եվրատեսիլ-2022» երգի մրցույթը դիտելու և դեկտեմբերի 12-ին պետք է վերադառնային։ Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից ճանապարհը փակելու պատճառով երեխաները 47 օր մնացել են իրենց ընտանիքներից կտրված։
Խմբի 15 երեխաներից մեկը Երևանում շրջափակման ընթացքում երաժշտական բողոք ակցիաներից հայտնի «Լեբլեջիների երգը» կատարող 10-ամյա Սևակ Բալայանն է, ով սովորում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնի դաշնամուրի և վոկալի բաժնում։
«Երևանում 47 օրվա ընթացքում հասցրեցինք լինել շատ տեսարժան վայրերում նույնիսկ եղանք քաղաքից դուրս՝ Գառնի-Գեղարդում, բայց մեր տնից՝ Ստեփանակերտից լավ տեղ չկա, շատ էի կարոտել, որ իմացանք գալու ենք, հասցրեցինք մի քանի բան վերցնել հետներս. ես մրգեր վերցրի, մեկ էլ՝ «ֆանարիկներ»,- պատմում է արդեն Ստեփանակերտում իր ընտանիքին միացած Սևակը։
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի մրցույթի կապակցությամբ Ստեփանակերտից Երևան եկած երեխաների առաջին խումբը Արցախ էր տեղափոխվել դեռևս հունվարի 17-ին, և ճանապարհին նրանց տանող մեքենաները կանգնեցվել էին ադրբեջանցիների կողմից։
Մեկնաբանել